Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Պաշտոնական
13767_am_1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Բարձր գնահատելով ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացմանը և զարգացմանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնայնությունները և կարևորել նախանշված բարեփոխումների իրականացման գործում Հայաստանին աջակցող գործընկերների հետ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է. «Պարոն Գրիգորյան, վստահ եմ, որ Ձեզ հետ իմ այսօրվա հանդիպմամբ սկիզբ է առնում շիտակ, բաց և արդյունավետ երկխոսության մի շարք, որը թույլ կտա Հայաստանին և Միացյալ Նահանգներին կառուցել գործընկերության ու համագործակցության առավել ամուր կապեր»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների և հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ: