«Սև թուղթ»՝ զբոսաշրջիկների համար. 80 ընկերություն՝ խնդրի առաջ
Բաց նամակ ՀՀ կառավարությանը, Եվրամիության հայաստանյան գրասենյակին Հարգելի պարոնոնայք, Ձեզ են դիմում ՀՀ արտագնա տուրիզմով զբաղվող ավելի քան 80 ընկերությունների ներկայացուցիչներ՝ հարցին ընթաց ք տալու և մեր իրավունքները պաշտպանելու ակնկալիքով: 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ՀՀ քաղաքացիների մեջ արթնացրել է հույս՝ լինելու իսկապես հպարտ և արժանապատիվ քաղաքացի: Այս արժանապատվության զգացումը ցանկանում է ունենալ մեզանից յուրաքանչյուրը՝ առաջին հերթին իր աշխատանքային ոլորտում: Ցավով պետք է նշենք, որ ՀՀ-ում տեղակայված դեսպանատների հետ աշխատանքում թե՛ ոլորտի աշխատակիցները, թե՛ ՀՀ սովորական քաղաքացիները դեռևս բախվում են ոչ արժանապատիվ վերաբերմունքի: Սովորաբար Եվրոպա ասելիս մենք առաջին հերթին հիշում ենք մարդու իրավունքներ հասկացությունը: Սակայն ցավալիորեն տպավորությունը այլ է, երբ առնչվում ես վիզա ստանալու ոչ հաճելի գործընթացի հետ: Այս պարագայում բախվում ես ոչ միայն ոչ հարգալից վերաբերմունքի, այլ նաև կողմնապահության և երբեմն նույնիսկ մարդու իրավունքի ոտնահարման իրավիճակի: Դեսպանատներում հարցազրույց անցնելիս երբեմն տպավորություն է, որ սրահում հավաքված են պոտենցիալ փախստականներ, այլ ոչ թե մարդիկ, որոնք պարզապես մեկնում են հանգստի, գործնական կամ անձնական ճամփորդության: Հանգստի մեկնելը երբեմն իսկական մղձավանջի է վերածվում: Չմեկնաբանված մերժումներ և անհարկի անվստահություն, պայմանավորվածությունների ձեռքբերման ոչ նորմալ համակարգեր, անպատասխան հեռախոսազանգեր, անհիմն բարդացումներ, ավելորդ թղթաբանություն, աշխատակիցների կոպիտ վերաբերմունք: Որոշ դեպքերում խնդիր է նաև ժամադրություն վերցնելը, իսկ նշանակված ժամը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը: Խնդիր առաջանալու դեպքում էլ, ՀՀ ԱԳՆ դիմելիս հարցումը մնում է անպատասպան և խնդիրը լուծում չի ստանում. այնպիսի տպավորություն է, ասես ՀՀ քաղաքացին չունի դեսպանատների անպատասխանատու գործելաոճի դեմ իր իրավունքները պաշտպանելու որևէ լծակ: Մերժման «սև թուղթն» էլ ՀՀ քաղաքացիներին հաճախ տրվում է իրենց իսկ լեզվով՝ ուզում ես հասկացիր, ուզում ես ոչ: Մյուս կողմից կա նաև տպավորություն, որ դեսպանատները վիզաներ տրամադրելիս առավելություն տալիս ոլորտի խոշոր ընկերությունների տրամադրած փաստաթղթերին: Սա էլ իր հերթին մոնոպոլացնում է արտագնա տուրիզմի դաշտը և խոշոր հարված է փոքր բիզնեսին: Այսպե՞ս են լինում մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Դեպի այսպիսի՞ վերաբերմունք ենք մենք այսքան ձգտել: Ի վերջո ո՞վ է իրավունք տվել նման կերպ վարվել ՀՀ քաղաքացու հանդեպ դիվանագիտական կառույցներին: Ու՞մ բացթողումն է՝ մեր պետությա՞ն, քաղաքացիների՞, թե մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների: Շնորհակալություն նամակը ընթերցելու համար: Ակնկալում ենք շուտափույթ ընթացք: Նախաձեռնությանը կարող են միանալ նաև ՀՀ բոլոր քաղաքացիները՝ ստորագրելով պետիցիան հետևյալ հղումով: https://www.xn--y9aaaah3f7bybpdmc1d.xn--y9a3aq/petition/am/show/69?fbclid=IwAR1REqG9m4HH2ogS5Ze6-ASxaRdeEG-P2Umd4qir5hqATLWg0c1tJkbjIx8 Նախաձեռնությանը միացած տուրիստական ընկերություններ՝ 80 ընկերություն