«Սա հին երևանցու սրտի ցավն է». Լևոն Թոքմանջյան (տեսանյութ)
Կտավը լավը չէ, կարող ենք պատռել, երգը դուր չի գալիս մեզ կարող ենք չլսել, սակայն ճարտարապետությունն այնպիսի մի բան է, որն անտեսել չենք կարող:Անդրադառնալով նախկին լուսավորության նախարարության շենքի դիմային մասի ապամոնտաժմանը՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Արդեն մի քանի օր է՝ ապամոնտաժվում է Խորենացի 13 հասցեում՝ «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ճակատային մասը, չնայած դեռեւս 2004թ, երբ քանդվեց շենքը, առաջարկվում էր շենքի դիմային մասը պահպանել։ «Զարմանալիորեն քանդում են այն շենքերը, որոնք որ լավն են, սա հին երևանցու սրտի ցավն է, ի՞նչ են քանդում, և ի՞նչ են ուզում կառուցեն, այդ հրաշք կոթողը քանդում են, կողքը սև ապակիներով շենքեր կառուցե՞ն»,- շարունակում է նա։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում: «Իրենց հոգու ցուցակում էլ չկա՞», - ասում է « Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեյանը, որի համոզմամբ, եթե այդ կոթողը լիներ կենտրոնից ավելի հեռու, այն քանդելու անհրաժեշտություն չէր լինի. «Այստեղ հողը գին ունի, դրա համար են քանդում: Ինչու՞ խարխուլ շենքերը չեն քանդում, որովհետև էնտեղ փողի հոտ չի գալիս»: Նրա համոզմամբ պետք է մշակվեն հատուկ կանոնակարգված նորմատիվներ, քանի որ այդ հարցը մեկ կամ մի քանի անձանց որոշելիքը չէ: Հիշեցնենք, որ 2017թ. Խորենացի 13 հասցեի հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով: