Գինեսի ռեկորդակիր պատմության և հասարակագիտության ուսուցիչը (տեսանյութ)
Կարմրաշենի Ա. Ասլանյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Ռոման Սահրադյանն Գինեսի գրքում առաջին ռեկորդը սահմանել է 2011 թվականի դեկտեմբերի 16-ին է. պտտաձողի վրա անընդմեջ 1001 պտույտ՝ մեծ պտույտ ետ-առաջ վարժությամբ, որը մինչև օրս գերազանցված չէ։ Երկրորդ ռեկորդը 2015 թվականի սեպտեմբերի 30-ին է սահմանել. 1 րոպեում անընդմեջ 45 մեծ պտույտ վարժությամբ։ Իսկ երրորդն արդեն՝՝ 2018 հոկտեմբերի 12-ին է կատարել. պտտաձողի վրա գոտկատեղի շուրջ անընդմեջ պտույտներ՝ րոպեում 30 անգամ։ «Հաջորդ ռեկորդները, այսինքն՝ հաջորդ ասուլիսին կլինի ոչ թե 4 վկայական, այլ՝ 5 միանգամից… Էդպես եմ նախատեսել։ Լոս Անջելեսի «Հայ եմ» բարեգործական հինադրամի նախագահ պարոն Նշան Աճեմյանի հետ բանակցությունների փուլում է, որպեսզի հաջորդ ռեկորդները կատարենք Լոս Անջելեսում՝»,- ասում է Ռոման Սահրադյանը։ Նա իր վերջին ռեկորդը նվիրել է Արցախյան ազատամարտի հերոս, Շահումյանի շրջանի պաշտպանության օրերին 1991 թվականի հոկտեմբերի 11-ին զոհված կարմրաշենցի Արշավիր Ասլանյանի 60-ամյակին։ Դյուցազնագրքի հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանն ընդգծեց, որ Ռոման Սահրադյանի կատարածն արժանի է գովասանքի, պարծանքի։ «Դուք տեսնում եք, որ աշխարհում ազգերին ճանաչում են հիմնականում սպորտային արդյունքներով, մշակույթով»,- շեշտում է Թովմասյանը։ Դյուցազնագրքի հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ մոտ 600 ռեկորդակիր կա գրանցված Դյուցազնագրքում, իսկ Գինեսի ռեկորդների գրքում թիվն հասնում է 40-ի։ Ա. Ասլանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արկադի Ասլանյանի խոսքով՝ Ռոման Սահրադյանից ոգեշնչվելով՝ աշակերտները սկսում են սպորտով զբաղվել, հաճույքով մասնակցում են ֆիզկուլտուրայի դասերին։ «Հա՛մ հայն է ճանաչվում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Մենք էլ հպարտանում ենք Ռոմանով, որ նման ռեկորդներ է սահմանում»,- ժպիտով ասում է դպրոցի տնօրենը։