Կարո Փայլանի ներգրավումով թեման կարող է տուժել. Թուրքագետ (տեսանյութ)
«Համշեն տուր»-ի հիմնադիր, թուրքագետ Գևորգ Պետրոսյանն Եղիշե Չարենցի տան քանդման վերաբերյալ տեղեկացել է Կարսի իր գործընկերներից։ Կարսի տեղական ինքնակառավարման մարմիններն, ըստ թուրքագետի, հայտարարել էին, որ տունը քանդվել է, որովհետև վեր է ածված եղել թմրամոլների և հարբեցողների հավաքատեղիի։ Տան վերականգնումը, Պետրոսյանի խոսքով, կախված է թուրքական իշխանությունների քաղաքական կամքից։ Ինչ վերաբերում է Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանին այս խնդրով ներգրավելու հետ կապված հարցին. ապա թուրքագետը դրական ակնկալիք չունի։ Ըստ նրա՝ Կարո Փայլանն ընկալվում է նախ և առաջ ոչ թե որպես հայ, ոչ թե որպես պատգամավոր, այլ քրդական կուսակցության ներկայացուցիչ։ «Այդ կուսակցությունը Թուրքիայի հասարակության զգալի մասը և պետությունն ընկալում է որպես ահաբեկչական ու այդ մասին չեն թաքցնում, երբ որ նրանք մտնեն նման թեմայի մեջ, միգուցեև թեման տուժի»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ չարենցագետ Դավիթ Գասպարյանը երեկ լրագրողներին ասել է, որ Կարսում քանդված կառույցը բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը չէր։ «Քանդված կառույցը Չարենցի տունը չէ։ Չարենցն իր տան տեղն այսպես է նկարագրում. «Մենք ապրում էինք Վարդանի կամրջի մոտերքը, բերդի տակ, և տնից իջնելիս մենք կարծում էինք, որ կհասնենք գետափնյա փողոցը և այնտեղից կնայենք հորդած ջրերին»: Եղբոր հետ իրենց տնից իջել են, Կարս գետին են վերևից նայել: Ուրեմն Չարենցի տունը գետի ոչ թե այս, այլ այն ափին է՝ Վարդանի կամրջի մոտ», – նշել էր չարենցագետը։