Քաղաքապետարանից պահանջում ենք չեղարկել ԶԼՄ-ներին ներկայացված պահանջները. հայտարարություն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ որոշ ԶԼՄ-ների հատկացված տարածքների խնդրի վերաբերյալ։ Հայտարարություն Փետրվար ամսին և հատկապես վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցներ Երևանի քաղաքապետարանից ծանուցում են ստացել անհատույց կամ վարձակալության հիմունքներով իրենց տրամադրված տարածքներն ազատելու մասին։ Ընդ որում, որպես կանոն, դրա համար տրվել է 5 օր։ Այսպիսի հապճեպ և կտրուկ քայլերի անհրաժեշտությունը չի կարող արդարացվել այն հիմնավորմամբ, թե համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքները պետք է օգտագործվեն առավել արդյունավետ։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում քաղաքապետարանի հավելյալ պարզաբանումը, որ ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման և որ 5 օրը վերջնաժամկետ չէ ու չի ենթադրում, որ կազմակերպությունները պետք է ազատեն տարածքը, ինչպես նաև հավաստիացումը, որ յուրաքանչյուր դեպքով կկայացվի առանձին որոշում։ Այդուհանդերձ, քանի որ այս անհեռատես որոշումն ու դրանից բխող քայլերը սպառնում են լրատվամիջոցների բնականոն գործունեությանը, պահանջում ենք.
- ՀՀ կառավարությունից՝անդրադառնալ ԶԼՄ-ներին տարածքներ տրամադրելու խնդրինև համակողմանի ու լայն քննարկումների միջոցով գտնել հավասարակշռված լուծումներ,
- Երևանի քաղաքապետարանից՝դադարեցնել սկսած գործողությունները և չեղարկել ԶԼՄ-ներին ներկայացված պահանջները, նախաձեռնել քննարկումներ և բանակցություններ լրատվամիջոցների ղեկավարների հետ՝ առաջարկելով մոտեցումներ՝ հետագայում հարցի համակողմանի լուծման համար։