Ովքե՞ր կարող են նոր սերնդի ՀԴՄ-ներն ստանալ 60 000 դրամով
Երեկ «Ա1+»-ը իրազեկել էր, որ վարչապետի ու ՊԵԿ նախագահի հանդիպումից հետո որոշում է կայացվել նոր սերնդի ՀԴՄ-ները փոքր ու միջին բիզնեսին հատկացնել ոչ թե 160 000, այլ՝ 60 000 դրամով։ Այսօր հստակեցվել է, թե ովքեր կարող են ստանալ ՀԴՄ-ներն այդ գնով։ Համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 05.02.2019 թվականի թիվ 67-Ա հրամանի հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել` 1) 60000 դրամ` ա. այն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար, որոնց համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է 2019 թվականի հունվարի 1-ից, բ. 2019 թվականի հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար, գ. 2019 թվականի ընթացքում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերերի համար, 2) 160000 դրամ` սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետում չնշված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 05.02.2019 թվականը ներկայացված առցանց հայտերը ենթակա են մերժման: Վերահաշվարկ կատարելու համար հարկ վճարողները պետք է ներկայացնեն հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման նոր հայտ` [email protected] էլեկտրոնային հասցեին: Լրացված դիմումի ձևին կից (դիմում` հաշվեհամարով, դիմում` տարանցիկ հաշվեհամարով) անհրաժեշտ է ներկայացնել նաև վճարման անդորրագրի, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի, անձնագրի կամ սոցիալական քարտի պատճենները: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին