A
A
Ժամկետանց սննդամթերք, ժամկետանց դեղեր, գերբնակեցում՝ «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում. ՄԻՊ ամփոփում
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում (այսուհետ՝ Կենտրոն) իրականացված մշտադիտարկման այցի արդյունքները: Դրանք ենթարկվել են մանրամասն վերլուծության՝ ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից: Կազմվել է մեծածավալ փաստաթուղթ, որն անհրաժեշտ հիմնավորումներով, օբյեկտիվ բնույթի ապացույցներով (պատճենահանված փաստաթղթեր, լուսանկարներ և այլն) և քայլերի կոնկրետ առաջարկներով կներկայացվեն Կենտրոնի տնօրինություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Գլխավոր դատախազություն: Կենտրոնում արձանագրված խնդիրներից հիմնականը հետևյալն են.
- օրենքով չնախատեսված զսպման և բժշկական ներգործության միջոցների օգտագործում (Առողջապահության նախարարի հրամանով չթույլատրված դեղորայքային խառնուրդ), ինչպես նաև այդ միջոցների կիրառման կարգի խախտումներ,
- հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված մեկուսացման միջոցի կիրառման կարգի խախտումներ, այդ թվում՝ խնամվողի արժանապատվությունը նվաստացնող եղանակով,
- հայտնաբերվել է ժամկետանց (վանիլին, բնական հյութ, մեղր, կոնֆետներ) և չմակնշված (պահածոներ), այդ թվում՝ այցի պահին պիտանելիության ժամկետը մեկ տարուց ավելի լրացած սննդամթերք, ինչպես նաև արձանագրվել են սննդամթերքի բազմատեսակության և սահմանված քանակից պակաս մատուցելու հետ կապված խնդիրներ,
- հայտնաբերվել են ժամկետանց դեղեր (այդ թվում՝ այնպիսի դեղորայք, որի պիտանելիության ժամկետն այցի պահին լրացած է եղել դեռ մեկուկես տարի առաջ) և բժշկական ժամկետանց պարագաներ,
- արձանագրվել են դեղերի պահպանման և խոտանման կարգի խախտումներ,
- առկա են բժշկական թափոնների հավաքման և պահպանման կարգի խախտումներ,
- Կենտրոնի խնամվողներն ապահովված չեն ատամնաբուժական, այդ թվում՝ պրոթեզավորման պատշաճ ծառայություններով,
- կանխարգելիչ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ վարակիչ (թոքախտ) և ոչ վարակիչ (հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ և այլն) հիվանդությունների սկրինինգային հետազոտությունների կազմակերպման թերություններ: Օրինակ՝ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն իրականացվում է խնամվողի գանգատի դեպքում՝ ըստ անհրաժեշտության, մինչդեռ դա պետք է իրականացնել պարբերական սկզբունքով ու կանխարգելիչ նպատակով,
- ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 1292-Ն որոշումն ամրագրում էհատուկ տիպի տուն-ինտերնատում առաջնային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում խնամվողների պարբերական բժշկական զննության պահանջ: Որոշումը նաև ամրագրում է, որ պետք է սահմանվի համապատասխան կարգ և պարբերականություն, սակայն նման կարգ, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված չէ,
- Կենտրոնում արձանագրվել է գերբնակեցում: Գերբնակեցման հետևանքով խնամվողներն ապահովված չեն անձնական, այդ թվում՝ բնակելի տարածությամբ, ինչն ուղղակիորեն բացասաբար է ազդում նրանց մասնավոր կյանքի իրավունքի վրա,
- Կենտրոնն ունի կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն (լոգարան, սանհանգույցներ, բնակելի սենյակներ և այլն),
- Կենտրոնի ոչ բոլոր մասնաշենքերն են հարմարեցված տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամվողների համար: Մասնավորապես, բացի անկողնային պացիենտներից, մնացած խնամվողները հաճախում են Կենտրոնի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկում տեղակայված ճաշասրահ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող խնամվողները ճաշասրահի մասնաշենքին են մոտենում անվասայլակներով, ինչից հետո անվասայլակները թողնելով մասնաշենքի դիմաց ու դժվարությամբ քայլելով, միմյանցից բռնվելով, պատերին հենվելով՝ բարձրանում են ճաշասրահ: Թեև նրանց օգնում են աշխատակիցները, սակայն դա հաշմանդամություն ունեցող մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է,
- մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ ցուրտ եղանակային պայմաններում (հիմնական մշտադիտարկումը կատարվել է դեկտեմբեր ամսին) առկա չէ շուրջօրյա պատշաճ ջեռուցում,
- Կենտրոնի բաժանմունքների սանհանգույցները հարմարեցված չեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահանջմունքներին: Օրինակ՝ մի դեպքում սանհանգույցներից մեկում ասիական տիպի զուգարանը և զուգարանակոնքը պատով անջատված չեն և տեղադրված են իրար շատ մոտ, իսկ մյուս դեպքում զուգարանները տեղադրված են ընդհանուր հատակից մեկ աստիճան բարձրության վրա, որը լրացուցիչ դժվարություններ կարող է առաջացնել, օրինակ, հոգեմետ դեղեր ընդունող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժի և հավասարակշռության պահպանման համար,
- ապահովված չէ խնամվողների՝ հեռախոսակապից օգտվելու լիարժեք հնարավորություն,
- հատուկ հաստատություններում, այդ թվում՝ հոգեբուժական կազմակերպություններում, իսկ կոնկրետ դեպքում՝ Կենտրոնում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևոր բաղադրիչներից է աշխատակիցների սոցիալական երաշխիքների և աշխատանքային պայմանների բարելավման հարցը, որի անհրաժեշտությունը վերահաստատվել է նաև վերոնշյալ այցի ընթացքում,
- Կենտրոնի բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է,
- աշխատակիցների համար նախատեսված չեն սոցիալական բավարար երաշխիքներ և այլն: