Հանքարդյունահանությունը հետաձգվել է հենց «Լիդիանի» պատճառով (տեսանյութ)
Ամուլսարի մերձակա տարածքների բնակիչները դեմ են հանքի շահգագործմանը։ 2018թ. հոկտեմբերի 4-ին Ջերմուկ համայնքի 19 բնակիչներ հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան նոր երևան եկած հանգամանքներով, ընդդեմ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի, երրորդ անձ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը: Այսօր գործով նախնական դատական առաջին նիստն էր տեղի ունենում՝ դատավոր Արծրուն Միրզոյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին հայցվոր Թեհմինե Ենոքյանն ու փաստաբան Նազելի Վարդանյանը, պատասխանող Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Երվանդ Մուրադյանը: Իսկ երրորդ անձ հանդիսացող Ֆինանսների նախարարությունից ներկայացուցիչ դատական նիստին ներկա չէր: Դատարանը որոշեց սույն վարչական գործի մեջ ներգրավել որպես 3-րդ անձ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ հաշվի առնելով, որ ըստ էության վիճարկվում է այդ մարմնի ներկայացրած եզրակացությունը։ Դատական նիստը հետաձգվեց: Այն կկայանա 2019 թ. ապրիլի 8-ին, ժամը 14: 30-ին: Հայցվոր Թեհմինե Ենոքյանը նշեց, որ մինչև դատարան դիմելը՝ դիմել են հենց նախարարին, որը մերժել է քաղաքացիների պահանջը: Փատաբան Նազելի Վարդանյանն ընդգծեց, որ նախկինում կատարված փորձաքննությունը ոչ ամբողջական է եղել: Ըստ փաստաբանի՝ հետևյալ 3 հանգամանքները նոր են հանդես եկել, և պետք է սրանց հիման վրա Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը ուժը կորցրած ճանաչել: «Առաջինը՝ 4 փորձագետ Ավստրալիայից, Կանադայից և ԱՄՆ-ից տվել էին եզրակացություն, ըստ որի թթվային դրենաժի վտանգը այնքան շատ է, որը կարող է բերել այնպիսի վտանգի, որը 2-րդ տարվա ընթացքում և մեծ գումարներ ծախսելու պայմաններում հնարավոր չլինի ջրային ավազանը մաքրել: Երկրորդ հանգամանքը։ Բնության համաշխարհային հիմնադրամը տվել է եզրակացություն, որ այնտեղ կան կարմիր գրքում գրանցված կենդանիների և բուսատեսակների տեսակներ, որոնք հաշվի չեն առնվել և չեն ներկայացվել փորձաքննությանը: Եվ երրորդը՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի օմբուդսմենի եզրակացությունն է, ըստ որի չի ուսումնասիրվել Ջերմուկի և Գնդեվազի վրա ազդեցությունը»: Ըստ փաստաբանի՝ հիմա հանքը չի շահագործվում ոչ թե ճանապարհները փակելու պատճառով, այլ հենց «Լիդիանի» պահանջով: «Շուրջ 10 տարի իրենք այստեղ գործունեություն էին ծավալում, հետախուզում էին, հետո արդեն թույլտվություն ունեին, որպեսզի սկսկեն աշխատանքները, ամեն անգամ իրենք դիմել են այդ շինարարական աշխատանքները հետաձգելու համար: Հանքարդյունահանությունը հետաձգել են հենց իրենց պահանջով: Այսինքն հիմա, որ ասում են՝ ճանապարհները փակ են և այդ պատճառով չեն իրենք շահագործում, դա այդքան էլ ճիշտ չէ»: Ըստ Թեհիմեն Ենոքյանի՝ այս պահին Ամուլսար տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ: Հիշեցնենք՝ ճանապարհը փակ է դեռ 2018-ի հունիսից։