Վարչական դատարանը ծանրաբեռնված է Երևանի քաղաքապետարանի դեմ հայցերով
2019 թ. հունվարի 16-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից պատշաճ վարչարարության իրականացումն ապահովելու հարցով: Վարչությունը քաղաքացիների դիմումների հիման վրա շարունակ կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք հետագայում բողոքարկվում են վարչական դատարանում: Եթե ուսումնասիրենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը, քաղաքացիների կողմից Երևանի քաղաքապետարանի դեմ բազմաթիվ հարուցված գործեր կգտնենք: Դրանցով հիմնականում վիճարկվում են Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կայացրած որոշումները: Վարչության այդ աշխատելաոճը վերածվել է պարտադիր ընթացակարգի. քաղաքացիները ստիպված են լինում իրենց դիմումները ոչ պատշաճ վարչարարության արդյունքում մերժելու որոշումները վիճարկել դատարանում, ինչը Վարչական դատարանի ծանրաբեռնվածությանն է հանգեցնում: Երևանի բնակիչներ Ա. Մարկոսյանն ու Զ. Սահակյանը այս նույն խնդրով դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: