Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաթիկ Սեյրանյանին չե՞ն լիազորել

Հասարակություն
2f18db9a1cf76677c17d5b1ac3e39d1e

Մարտի 1-ին լրանում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը: Նա այդ պաշտոնում ընտրվել էր 2013 թ. մարտի 5-ին, իսկ մինչ այդ նույն թվականի մարտի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ վեց տարի ժամկետով: Այսօր՝ փետրվարի 1-ին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային  հանձնաժողովի գրասենյակում հրավիրված է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել  են աշխատանքային որոշ  հարցեր։  Նկատենք, որ  թեև ՀՌՀ-ն կարող էր օրենքի ուժով նշանակել մրցութային հանձնաժողովի անդամներին, սակայն որոշել է դիմել ոլորտի հետ առնչություն ունեցող պետական և հասարակական կառույցներին՝ Մշակույթի նախարարությանը, Կրթության և գիտության նախարարությանը, մեդիա դաշտում աշխատող հասարակական կազմակերպություններին և ստեղծագործական միություններին, որպեսզի նրանք առաջարկեն այն անձին, որը առավելագույնս օբյեկտիվ կկարողանա աշխատել, և որի որոշումը կասկած չի հարուցի հասարակության շրջանում:   Հուլիսի 30-ի որոշումը «Մշակույթի նախարարությունն առաջադրեց Նազենի Ղարիբյանի թեկնածությունը, ԿԳ նախարարությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի, մեդիա ոլորտում աշխատող ՀԿ-ները՝ Լևոն Բարսեղյանի, ստեղծագործական միությունները՝ Գրողների միություն, Կինեմատոգրաֆիստների, Կոմպոզիտորների, Նկարիչների միություն և այլն, առաջարկեցին Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը»,- հուլիսի 30-ին տեղի ունեցած Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների մրցութային հանձնաժողովի առաջին նիստին հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (հունվարի 29-ից արդեն նախագահ) Տիգրան Հակոբյանը։ Իր կողմից ՀՌՀ-ն հանձնաժողովի կազմում ներառեց ՀՀ նախագահի խորհդական Համլետ Գասպարյանին, ով ընտվեց նաև դրա նախագահը։ Քանի որ մրցութային հանձնաժողովի այս անդամները նշանակվել են ոչ թե մեկ ընտրության համար, այլ 6 տարով, փորձեցինք պարզել, թե ինչ սկզբունքով ու ընթացակարգով է կատարվել նրանց առաջադրումը։  Լրագրողական կազմակերպությունների թեկնածուի առաջադրումը համակարգել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ 12 կազմակերպություններից Լևոն Բարսեղյանին մրցութային հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելու հիմնական սկզբունքն այն էր, որ բոլոր կազմակերպություններից միայն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահն է առավել հետևողականորեն զբաղվել հանրային հեռուստառադիոընկերության խնդիրներով։ «Երբ գովազդը դեռ թույլատրված էր Հանրայինի եթերում, «Ասպարեզը» մշտապես մոնիթորինգ է իրականացրել, թե գովազդի ծավալներն ինչքան են, որքան եկամուտ է ցույց տալիս ընկերությունը: Հետագայում հետամուտ էր լինում այդ հեռարձակողի գործունեության այլ ասպեկտներին։ Քանի որ դժվար չէր կանխատեսել, որ մնացած առաջադրվողները Երևանից են լինելու, կարևորեցինք, որ հանձնաժողովում ներկայացված լինի նաև երկրորդ քաղաքը»,- ասաց Բորիս Նավասարդյանը։   Պարզվում է՝  տեղյակ  չեն Ի տարբերություն լրագրողական կազմակերպությունների՝ ստեղծագործական միությունների ղեկավարները զարմացան, երբ տեղեկացան, որ իրենց անունից է առաջադրվել Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը։ Նրանք նշեցին, որ առաջին անգամ են լսում թեկնածու առաջարկելու հնարավորության մասին։   «Ես չգիտեմ, թե ինչպես է ձևավորվել այդ հանձնաժողովը, մեր ներկայացնելո՞վ է ձևավորվել։ Նման հարց ստեղծագործական միությունները չեն քննարկել, առաջին անգամ եմ լսում, որ այդպիսի հնարավորություն ենք ունեցել, մենք ոչ մի առաջարկ չենք ստացել»,- ասաց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը ևս տեղյակ չէր մրցութային հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելու հնարավորության մասին։ Դիտարկմանը՝ տեղեկացված լինելու դեպքում իրենք կցանկանայի՞ն թեկնածու առաջադրել, Արամ Սաթյանը պատասխանեց. «Իհարկե, լավ կլիներ, որ արհեստավարժ երաժիշտ լիներ այդ հանձնաժողովում, բայց, ցավոք, ես տեղյակ չեմ եղել»: Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը, կարևորելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովում ներգրավված լինելը, ափսոսանք հայտնեց, որ տեղյակ չի եղել այդ մասին։  «Ստեղծագործական միությունների միջև քննարկում էլ չի եղել, ես ինքս էլ մեծ հաճույքով կառաջարկեի թեկնածու, և ինքս էլ կառաջադրվեի, բայց չեմ իմացել: Շատ կարևոր է այնտեղ լինելը, և այնքան բարձիթողի վիճակ է, բայց պետք է իմանաս մի բանի մասին, որ հետաքրքրվես: Ինչպե՞ս հետաքրքրվես, երբ չգիտես, որ նման հնարավորություն կա»,- ասաց Կարեն Աղամյանը։  Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ տեղյակ չի եղել, և միայն վերջերս է իմացել, որ նման հանձնաժողով է ձևավորվել։   Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Դիզայներների միության նախագահ Աշոտ Բաղդասարյանը ևս ասացին, որ տեղյակ չեն եղել։ Կապ հաստատեցինք նաև Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ՝ պարզելու, թե ինչ ընթացակարգով է ընդգրկվել մրցութային հանձնաժողովում։ Սաթիկ Սեյրանյանը նախ նշեց, որ չի հիշում։  «Ինչ-որ կարգ կար, բայց չեմ հիշում…»։ Դիտարկմանը՝ ստեղծագործական միություննե՞րն են առաջադրել իր թեկնածությունը, Սաթիկ Սեյրանյանն ասաց՝ այո, միություններն են առաջարկել իմ թեկնածությունը, էնտեղ Կոմպոզիտորների միությունն էր, Նկարիչների միությունը…»։ Դիտարկմանը, թե միություններից հայտնում են, որ տեղյակ չեն եղել այդ մասին, Սաթիկ Սեյրանյանն արձագանքեց՝ ո՞նց տեղյակ չեն եղել, ստորագրել են նույնիսկ, դա գրավոր ընթացակարգով է եղել: