Թումանյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյար (տեսանյութ)
Թումանյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյարների օրացույցում։ «Սա մեզ հնարավորություն է տալիս աշխարհին ներկայանալ։ Թանգարանի գործունեությունը վերջին 10 տարիներին բավականին ընդարձակվել է և Թումանյանի 150-ամյակը լավագույն առիթն է անցած 10 տարիները ամփոփելու համար»,- նշում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանը։ Թումանյանի 150-ամյակի առթիվ ստեղծվել է Հ. Թումանյան համակարգչային տառատեսակը, արդեն երկու գրքում օգտագործվել են Թումանյանի ձեռագրով գրված հատվածները։ Թանգարանը նախաձեռնել է ծաղկաքաղ անել Թումանյանի ստեղծագործություններից, նամակներից, հոդվածներից և դրանք տպագրել անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, արաբերեն վրացերեն լեզուներով։ «Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորը թանգարանը հրատարակել է իր միջոցներով՝ 1000 օրինակով։ Մենք դիմեցինք մարդկանց, որ յուրաքանչյուրը կարող է ներդրում ունենալ և երկրորդ, երրորդ հատորները արդեն ունեն հովանավորներ, 150-ամյակին մենք հստակ կունենանք առաջին, երկրորդ, երրորդ հատորները, իսկ հաջորդ 4 և 5 հատորների աշխատանքները կմեկնարկեն տարվա երկրորդ կեսից։ հաջորդ 2 տարիների ընթացքում մենք կունենանք 10 հատորյակը։» Անի Եղիազարյանը ավելացրեց, որ նախորդ երեք հրատարակությունների համար պետական աջակցություն չի եղել, նրա համոզմամբ, քանի որ Թումանյանի ծնունդը տարվա սկզբին է, պետական հանձնաժողովը պետք է աշխատանքները ավելի վաղ սկսեր։ Մենք սովորել ենք վերջին տարիներին անընդհատ բախվել պետական բյուրոկրատական քաշքշուկների։ Այսօր թանգարանը պետք է նոր թանգարան լիներ՝ նոր էքսպոզիցիայով։ Մենք դեռ 2015 թվականից դիմել ենք, բայց ցավոք արձագանք չի եղել։ Մենք հույս ունենք, որ 150-ամյակը կլինի նոր մեկնարկի կետը և կմտնենք Թւմանյանի նոր աշխարհ»։ Տնօրենի պաշտոնակատարը ավելացրեց, նաև որ հրատարակվելու է Թումանյանի խաղերից «Աստղերի խաղը», որը կբացահայտի Թումանյանի սերը մանուկների հանեպ և թե ինչքան լավ գիտեր տիեզերքը։