Ես օրենք փոխող չեմ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց մի խումբ բեռնափոխադրողներ բողոքում էին հարկային օրենսգրքից: Բեռնափոխադրող Արտակ Գիժլարյանը նշեց, որ բեռնափոխադրողների համար վառելիքի ծախսը մեծ կշիռ ունի: «Խնդիրը դեռ նախորդ կառավարության ժամանակ կար՝ շահութահարկի հետ կապված: Նաև ծախսային հոդվածների մասով սահմանափակումներ կան, վառելիքը ձեռք է բերվում դրսում, մեզ պարտադրում են, որ փոխանցումով անենք: Եթե բեռնափոխադրողը փոխադրում է կատարում դեպի Եվրոպա, չի կարող ամեն մեկի հետ պայմանագիր կնքել: Մտնում վառելիք ենք լիցքավորում, մեզ տալիս են ՀԴՄ կտրոն և դա որպես ծախս չեն համարում»: Ըստ բեռնափոխադրողի՝ եթե բեռնատարը իրենց սեփականն է, ապա հարկ են վճարում՝ 408 000 դրամ, կապ չունի այդ ընթացքում աշխատել են, թե ոչ: «Ուզում ենք դա լինի աշխատելու փաստով: Աշխատում ենք՝ տալիս ենք, չենք աշխատում՝ չենք տալիս»: Դեռ նախորդ տարի հանդիպում են ունեցել Տրանսպորտի նախարարության պատասխանատուների հետ, պայմանավորվել են հունվարի երկրորդ կեսին կկազմակեպվի քննարկում, որպեսզի բեռնափոխադրողներն իրենց առաջարկությունները անեն, բայց դեռ քննարկում չի եղել: Կառավարության նիստից առաջ բեռնափոխադրողները դիմեցին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, վերջինս նշեց. «Ես օրենք փոխող չեմ, կառավարության անդամ չեմ, դիմեք Ֆինանսների նախարարություն»: