Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեռ ստեղծագործելու ցանկություն ունեմ, հուսամ, որ Աստված ինձ կնվիրի այդ հնարավորությունը». Մանսուրյան

Կարևոր լուրեր Մշակույթ Հասարակություն

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, նախարարության աշխատակիցները և Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաները ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի կապակցությամբ անակնկալ այց էին կազմակերպել հոբելյարի տուն։ «Մենք, միասին ենք, միասնական ենք տարբեր սերունդներ: Շատ գեղեցիկ ավանդույթ կարելի է դարձնել և մեր հաջորդ հոբելյարներին ևս  նույն գեղեցիկ ձևով  այսպես շնորհավորել»,- իր շնորհակալությունը հայտնեց կոմպոզիտորն իրեն այցի եկած հյուրերին: Տիգրան Մանսուրյանին հատկապես հուզել էր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաների կատարած «Ես իմ անուշ Հայաստանի» երգը, որը կոմպոզիտորը որպես օրհներգ գրել էր տարիներ առաջ նոր օրհներգի հայտարարված մրցույթի համար: «Իմ տարիքում արվեստագետները իրենց արխիվներն են կարգի բերում, դասավորում, վերջին շտկումներն են անում: Ես դրանցով չեմ ուզում զբաղվել: Դեռ ստեղծագործելու ցանկություն, ներշնչանք ունեմ և հուսամ, որ Աստված, եթե պահել է այսքան տարի, ինձ կնվիրի նաև այդ հնարավորությունը», - ասաց հոբելյարը: Ծննդյան օր լինի, թե Նոր տարի, մաեստրոն դաշնամուրի մոտ է անցկացնում, գոնե սիմվոլիկ: Վերջերս կոմպոզիտորը մեկնել էր Ֆլորենցիա, Սան Մինիետա եկեղեցու 1000-ամյակի տոնակատարության կապակցությամբ: «Թարգմանաբար Սան Մինիետան՝ Սուրբ Մինասն է, և ասում են հայ ճարտարապետ է կառուցել», - ասաց Տիգրան Մանսուրյանը:-Ինձ առաջարկել էին գրել մի գործ: Ես գրեցի Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից  «Յոթ աղոթքներ»՝ մեծ նվագախմբի, մեծ երգչախմբի և մենակատարների համար: Երկու համերգ եղավ և «Յոթ աղոթքները» կատարեցին Տոսկանայի նվագախումբը, երգչախումբը և իտալացի մենակատարներ, որոնք հայերեն հնչեցրին Ներսես Շնոհալու աղոթքները: Այդ գործը նվիրեցի Հռոմի Պապին: Նաև այցելեցի նրան և նոտաներն իրեն հանձնեցի: Մարտ ամսին Տիգրան Մանսուրյանը Լոս-Անջելես է մեկնելու: Մասնակցելու է իր հոբելյանի կապակցությամբ կազմակերպած գիտաժողովին և համերգներին: