Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորքի զանգվածը մետրոյով չի ապահովվելու, միակ ճանապարհը ճոպանուղին է. Ա. Մեսչյան (տեսանյութ)

Հասարակություն
artur-meschyan2

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հունվարի 24-ին ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը: Նրա խոսքով, այդ օրերն անցան բավական արագ, բայց և հետաքրքիր բոլոր տեսանկյուններից: Որոշ բաներ ստացվեցին, որոշ խնդիրներ առաջացան և անգամ ճաշակեց «և՛ քեն, և՛ ոխ»։ Երևանի գլխավոր ճարտարապետի խոսքով խնդիրները և ծրագրերը շատ են, սակայն կարևորը, որ դրանք ռեալ ծրագրեր են: Դրական շարժում կլինի առանձնապես բնակարանային շինարարության ոլորտում: «Եթե ասեմ, որ քաղաքաշինության ոլորտում նայվեց 4200 գործ, դա գրեթե ոչինչ չի ասի, եթե ասեմ, որ համաձայնեցվեց մոտ  300 պայմանագիր, դա էլ ոչինչ չի ասի, մոտավորապես 170 շինարարության թույլատվություն է տրվել, 20-22 քանդման թույլատվություններ կան, այսինքն, այն ինչ վերաբերում է նախագծային բլոկին, բավական ակտիվ է և դրական շարժում կլինի առանձնապես բնակարանային շինարարության ոլորտում: Երևանի մետրոն տրանսպորտային խնդիր չէ, մետրոն ստրատեգիական օբյեկտ է Մետրոյի Աջափնյակի կայարանը կառուցելու համար քաղաքապետարանն այսօր փաթեթ է պատրաստում, որտեղ կարվի նաև ֆինանսական հաշվարկ և կներկայացվի կառավարություն. «Ժամանակին այդ գծի վրա արդեն 250 մլն  ծախսվել է, հարց է ծագում՝ որտեղի՞ց ենք փող ճարելու: Մետրոն մի այնպիսի օբյեկտ է, որի համար միշտ փող կճարվի: Կլինեն ինվեստորներ, որոնց հետ հիմա աշխատում ենք: Հարցը հետևյալն է՝ ինչքանո՞վ է ռեալ, ասեմ, որ իրական է, հաստատ»: Երևանը նոր ճոպանուղի կունենա Գլխավոր ճարտարպետը ներկայացրեց Երևանում նոր ճոպանուղու կառուցման ծրագիրը:  «Նորքի զանգվածից դեպի քաղաքի կենտրոն տրանսպորտային կոլապսը լուծելու նպատակ կա ճոպանուղիով: Մենք ինչքան գումար էլ ունենանք, Նորքի զանգվածը մետրոյով չենք կարողանա ապահովել, միակ ճանապարհը ճոպանուղին է»,- ասաց նա: Որպեսզի, որպես տրանսպորտ այն աշխատի, պետք է ճոպանուղին լինի բազմամոդուլ: Դա, իհարկե, որոշակի թանկություն է բերում, բայց սա է, այլ տարբերակ չկա: Բանակցում են երկու՝ իտալական և շվեյցարական ընկերությունների հետ: Իրենց հետ համաձայնության գալուց հետո ավելի մանրամասն կներկայացնեն: Պարոն Մեսչյանի խոսքով՝ փոխվել է ճոպանուղու ուղղությունը, քաղաքի ներքևի հատվածում կլինի ոչ թե մեկ, այլ երկու կանգառ: Տենդեր է հայտարարված և կազմակերպություններըը կներկայացնեն իրենց առաջարկները և չորս թեկնածուներից կհաղթի նա, որի առաջարկն ավելի մատչելի կլինի:  Վերադարձնել երևանցիներին օպերայի տարածքը Երևանի գլխավոր ճարտարապետը տարակուսում է, որ երկար տարիներ երևանցիները բողոքում էին և քննադատում օպերայի տարածքում սնկերի նման աճած սրճարաններից, և հիմա, երբ հնարավորություն կա դրանց փոխարեն կանաչ գոտի ստեղծել, շատերը տարօրինակ ու զարմանալի վերաբերմունք են ցույց տալիս: «Եկեք ազնիվ խոսենք, ու՞մ դուրն է գալիս, որ Մաշտոցի պողոտայից նայում էք դեպի Օպերայի դերասանական մուտք։ Թամանյանի շենքից իննը մետր այս կողմ տղերքը միս են սարքում: Խոսում ենք բարձր արժեքներից, ամեն երկրորդ բառը Թամանյանն է, բայց նրա ամենակարևոր կառույցին նման անլուրջ ձևով ենք վերաբերվում»: Մեղավորը, նրա կարծիքով, սեփականատերերը չեն, մեղավորները նրանք են, ովքեր թույլտվություն են տվել։ «Բիզնեսը եթե հնարավորություն ունի ամեն ինչ էլ կանի: Քաղաքը պետք է ոչ ասեր այս կառույցներին: Հիմա պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք շտկել: Ժամկետային առումով ոչինչ ասել չեմ կարող, որովհետև սա ոչ միայն այս կառույցների ապամոնտաժման խնդիրն է, այլ ամբողջ հրապարակի վերակառուցման՝ ընդհուպ մինչև օպերայի շենքի ճակատային նոր լուսավորություն տեղադրելը, այսինքն ճարտարապետական նոր լուծումների մասին է խոսքը»:   Երևանում միայն Արամի 23-ի պատը չքանդվեց, բավականին դեպքեր եղան, անգամ մարդկային զոհերով, որի մասին սակայն այսքան աղմուկ չեղավ   «Վերջապես Արամի 23-ի հարցը լուծվեց: Այսօր կստորագրվի եռակողմ պայմանագիր կառուցապատողի, մշակույթի նախարարության և պարոն Հեքեքյանի միջև»,- ասաց գլխավոր ճարտարապետը: Կառուցապատողը 14մլն  դրամ կվճարի իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցիին, որը կնախապատրաստի կառույցի վերականգնման նախագիծը: «Ես իհարկե ավելի ուրախ կլինեի, որ Պեցին գար մեր հին եկեղեցիների փլված պատերի վերականգնման նախագծերի համար, որոնք շատ ավելի մեծագույն արժեք ունեն: Ասեմ նաև, որ քաղաքապետարանն այս խնդրի հետ որևէ առնչություն, բացի բարոյականից՝ չունի: Մենք ընդամենը զորավիգ ենք կանգնում այս ամենին և սա բարի կամքի դրսևորում է, քանի որ սա հուշարձանի սեփականատիրոջ և կառուցապատողի խնդիրներն են և նրանք իրար հետ պետք է այս հարցերը լուծեն: Իսկ այսուհետ իմ անձնական և քաղաքապետարանի պատասխանատվության հարցն է, որ որևէ հուշարձան չքանդվի, իսկ վերականգնման ու վերակառուցման հարցերը  մշակույթի նախարարության և կառուցապատողի գործառույթներն են»: Քաղաքը գազատար խողովակների ու էլեկտական լարերի սարդոստայնից կմաքրվի Արթուր Մեսչյանի խոսքով, գազատար վերգետնյա խողովակների բաց մոնտաժը արվում է երրորդ երկրներում, որևէ քաղաքակիրթ երկիր իրեն  նման բան թույլ չի տա: Նույնը էլեկտրական լարերի խնդիրն է: «Սա խայտառակություն է,- ասում է նա, - բայց և փաստ է, որ քաղաքը այս սարդոստյանի տակ է և հնարավորություն ստեղծել այս սարդոստայնից քաղաքը մաքրելը՝ անչափ ծավալուն ու երկարատև գործընթաց է: Բայց կա և լավ նորություն: Երևանի փողոցների հարդարման նոր ծրագիր են սկսելու: Որոշ փողոցներ անգամ կսալիկապատվեն, որ ամեն երկու տարին մեկ ասֆալտապատելու խնդիր չլինի: Եվ հենց այդ ընթացքում էլ կլուծեն նաև խողովակների ու էլեկտրական լարերի խնդիրը:      Արթուր Մեսչյանը հայտնեց նաև, որ իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ՝ չի լինելու շատ երկար: Ելնելով տարիքից և հնարավորություններից նա պլանավորում է պաշտոնավարել երկուսից երկուսուկես տարի: Եվ այդ ընթացքում այն ինչ մտադիր է անել, անելու է հաստատ: «Փառք Աստծո,- ասաց նա,- ինձ խանգարող չկա, իսկ թե ինչ են գրում «ֆեյսբուքչիները»՝ դա կարևոր չէ: Ասեմ, որ այս 100 օրվա ընթացքում, քանի որ նման փորձ չունեի, հասկացա, թե ինչը պետք է արհամարհեմ և ինչ պետք է անեմ»: