Վարդան Պետրոսյանն ահազանգում է վանդալիզմի մասին
Քաղաքացի Վարդան Պետրոսյանը հունվարի 31-ին այցելելով հայրենի Վայք քաղաք, տեսել է քաղաքի զբոսայգում տեղադրված հուշարձանն ապականված վիճակում:
«Եթե սա չի արվել նույնիսկ չար նպատակով, ամեն դեպքում, այստեղ կա քաղաքացիական շատ վատ դաստիարակության խնդիր: Սա գերեզմանաքար է, այստեղ ոչ միայն հարգանքի տուրք են մատուցում հայրենական պատերազմում զոհվածներին, այլ նաեւ ցեղասպանության զոհերին»:
Վարդան Պետրոսյանը նման քայլը կապում է սերնդափոխության անիրազեկման հետ:
«Այն մարդը, որն աղավաղել է հուշարձանը՝ տառաճանաչ է, այն չի արել պատահական ինչ-որ մեկը: Այս գրվածքը հայհոյանք է, վանդալիզմի դրսեւորում, քանի որ հուշարձանը տապանաքար է պատերազմից չվերադարձածների համար, որ գնան եւ ծաղիկներ դնեն»:
Վարդան Պետրոսյանը համապատասխան նկարներն ուղարկել է նաեւ ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայք-էջին, բայց մինչ հիմա արձագանք չի ստացել:
Ժամանակին կառույցը ցանկապատված էր, հիմա ցանկապատված է միայն մի մասը: Քաղաքացին հայտնում է նաեւ իր մտահոգությունը, որ Վայքի գերազմանատունը դարձել է ընտանի կենդանիների պահման վայր:
«Այս խնդիրը բոլոր քաղաքներում է, մարդիկ իրենց կովերը, հորթերը տանում են գերեզմանոցում կերակրելու: Մարդիկ միգուցե տեղ չունեն իրենց կովերն արածացնելու, բայց այդ տարածքն էլ պետք է ցանկապատվի»:
Ի դեպ, նշենք, որ նյութը պատրաստելու ընթացքում ստացանք տեղեկություն, որ Վայքի Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանը մաքրվել էր գրությունից: