Գործարար ոլորտն սկսում է առաջընթաց արձանագրել. Գարո Արմեն
Գարո Արմենի ուղերձը Շնորհավորում եմ Հայաստանին և աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերին: Անցյալ դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ավարտին հասցրեց այն պատմական հաղթանակը, որ սկսվել էր ապրիլյան Թավշյա հեղափոխությամբ: Աշխարհն անխուսափելիորեն նկատեց փոքրիկ երկրի և հինավուրց ժողովրդի այս աննախադեպ և շեշտակի առաջընթացը: «Էկոնոմիստ» ամսագիրը «Տարվա երկիր» ամենամյա անվանակարգը Հայաստանին շնորհելով՝ Հայաստանը «մեծարանքի արժանի» երկիր է անվանել՝ արժևորելով մեր առաջընթացը։ Հիմա, երբ Հայաստանը խաղաղ, ժողովրդավարական անցում է կատարել և հետևում թողել նախկին ռեժիմի կոռուպացված և վնասարար գործելաոճը, երկիրն ու ժողովուրդը առաջխաղացման համար գերազանց դիրքերում են: Առաջամուղ ուժեղ քամու առկայությունը Հայաստանին հնարավորություն է տալիս լինելու երկիր, որը նշաձող է սահմանում այլ՝ նմանատիպ երկրների համար նույնանման ճանապարհ անցնելու համար: Մենք՝ որպես պետություն և սփյուռք, կարող ենք նպաստել առաջընթացի և բարեփոխումների գլոբալ միացյալ ճակատի կայացմանը՝ ժողովրդավարական, տնտեսական, տեխնոլոգիական և բնապահպանական ոլորտներում: Առջևում մեզ սպասող աշխատանքը պահանջում է մանրակրկիտ, լավ մտածված, շուրջօրյա, ամենժամյա ջանքեր: Յուրաքանչյուր հայ աշխարհում կամ Հայաստանում հնարավորություն և պատիվ ունի հանձն առնելու այն ամենը, ինչ պետք է արվի՝ իրագործելու համար այս խոստումը: Մեծ թե փոքր՝ մենք կարող ենք մեր արդյունքն արձանագրել: Ամենից առաջ և ամենակարևորը մեր երիտասարդությանը՝ հայերի հաջորդ սերնդին, գործիքակազմ տրամադրելն ու ոգեշնչելն է՝ մեծ երազանքներ ունենալու և իրենց նպատակներն իրագործելու՝ միաժամանակ մաքրվելով անցյալի բեռից: Երկրորդ՝ տարածաշրջանում ուժեղ պետություն կառուցելն է՝ ոչ որպես սպառնալիք հարևաններին, այլ որպես նրանց աճի և բարգավաճման գործընկեր: Երրորդ՝ աշխարհի համար մեծապես գրավիչ ներդրումային միջավայր ստեղծելն է՝ հստակ ցույց տալով մեր փոքր, բայց ուժեղ երկրի բարեկեցության համոզիչ պոտենցիալը: Մենք արդեն տեսնում ենք Հայաստանում աճի և առաջարկվող հնարավորությունների նկատմամբ հետաքրքրության սերմերը: Մասնավորապես՝ գործարար ոլորտն սկսում է առաջընթաց արձանագրել, համալսարանների շրջանավարտներն սկսում են զբաղեցնել բարձր պոտենցիալ ունեցող աշխատատեղեր, և սփյուռքից հայրենադարձները տեղափոխվում են Հայաստան: Աշխարհը, որում ապրում ենք, տպավորիչ արագությամբ է զարգանոըմ: Մենք հիմա գործիքակազմ և առաջնորդություն ունենք՝ օժտված ժողովրդի մանդատով, հասնելու և անցնելու: Սպասելիքները պարոն Փաշինյանից ահռելի են: Մինչ այժմ նա փայլուն ռազմավարություն է մշակել և իրականացրել։ Նա իր ժողովրդի համեստ ծառան է եղել: Իր շրջապատում նորարար մտածողությամբ երիտասարդ առաջնորդներ են, որոնք ջանադրաբար աշխատելու են՝ գերազանցության համաշխարհային չափանիշներին հասնելու համար: Այս ամենն իրագործելի է, սակայն դրա համար անհրաժեշտ են ոչ միայն բարի մտադրություններ ու գիտելիք, այլև լայնախոհություն և քննադատական մտածողություն։ Սա կյանքի կոչելը գուցե սկզբում դժվարին խնդիր թվա, սակայն անհրաժեշտ ջանք է հաղթելու համար։ Իհարկե, մենք կարող ենք իրականացնել այս ամենը և անգամ ավելին: Ինչ վերաբերում է ինձ, ես կշարունակեմ մեր երիտասարդ սերնդին ապահովել այն գործիքակազմով, որը կուժեղացնի նրանց, և նրանք կառաջնորդեն իրենց երկրի զարգացումն այնպես, ինչպես մենք դեռ չենք տեսել: Սա եղել է և կշարունակի լինել ոչ միայն իմ անձնական առաքելությունը, այլև այն խորը պարտավորությունը, որ ես զգում եմ մեր ժողովրդի հանդեպ: Այժմ՝ առավել քան երբևէ, ես տեսնում եմ այն գեղեցիկ, կենսունակ ներկապնակը, որով նկարվելու է ապագայի բնապատկերը: Անհամբերությամբ սպասում եմ արդյունքներին: Աստված մեզ պահապա՛ն։