Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20-ամյա աղջկա դանակահարություն՝ Մասիս քաղաքում. հարուցվել է քրեական գործ

Պաշտոնական

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 4:55-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Մասիս քաղաքի՝ 1998 թվականին ծնված բնակչուհի: Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մասիս քաղաքի Հերացու փողոցի վերջնամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Երևան քաղաքի 20-ամյա բնակչուհին դանակով հարվածել է հասակակից աղջկան՝ վերջինիս պատճառելով ծանր մարմնական վնաս: 21.01.2019 թվականին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է, տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:   Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող սև գույնի ծալովի դանակը: Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին