Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարինա Խաչատրյանը ներել է Տարոն Մարգարյանին (տեսանյութ)

Հասարակություն
Zaruhi-nkar

ՀՀ Քնչական կոմիտեն կարճել է 2018 թ․ փետրվարի 13-ին երևանի ավագանու նիստի ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով։  Երևանի ավագանու նախկին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նշում է, որ  դեռ պաշտոնապես ծանուցում չի ստացել, բայց տեղյակ է, որ գործը կարճվել է։ Փոստանջյանը պատրաստվում է ծանուցումը ստանալուն պես սահմանված 7-օրվա ժամկետում բողոքարկել ՔԿ-ի որոշումը։ «Գլխավոր դատախազին կբողոքարկեմ, որից հետո եթե կստանամ մերժում, ապա դատական կարգով նույնպես կբողոքարկեմ»։ Փոստանջյանը պնդում է՝ համաձայն չէ այն քրեական գործերի հետ, որոնք առաջադրվել էին այս գործի շրջանակում։ «Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ  տեղի է ունեցել բռնություն, և ոչ թե ուղղակի ծեծ և խուլիգանություն։ Եվ դրա  պատասխանատուն և հրաման տվողը եղել է Տարոն Մարգարյանը և ունեցել է շահադիտական նպատակ, որը հանգեցրել է մեր նկատմամբ բռնության։ Մեր նկատմամբ դրսևորվել է խտրական մոտեցում»։  Դիտարկմանը, թե ի՞նչ մեղադրանք պիտի առաջադրվեր, որը չի եղել, Փոստանջյանն ընդգծեց. «Առնվազն պետք է տեղի ունենար քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 143 հոդվածով։ 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը  նաև սահմանադրական իրավունքների ոտնահարման վերաբերյալ, կուսակցության գործունեությանը և խոսքի ազատությանը խոչընդոտելը։ Այս ամենը ներառում է հանցակազմ, մինչդեռ այս առումով քննություն տեղի չի ունեցել։ Պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել, որպեսզի պատասխանատվության կանչեն Տարոն Մարգարյանին»։ Ըստ Փոստանջյանի՝ նոր կառավարության ներկայացուցիչները շարունակում են նախորդ իշխանությունների վարքագիծը և նրանց արատավոր գործունեությունը։  Հիշեցնենք, որ 2018 թ. փետրվարի 13-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամներ՝ Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանը դիմակներ էին հագել և Նուբարաշենից բերված ապակե տարաներով կոյուղաջուրը փորձել էին մոտեցնել Տարոն Մարգարյանին, որից հետո   կանանց և ՀՀԿ-խմբակցության անդամների միջև բախում էր սկսվել: Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը նույնպես բողոքարկելու է ՔԿ որոշումը։ Իսկ Մարինա Խաչատրյանը, «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ չի պատրաստվում բողոքարկել ՔԿ-ի որոշումը։ Նա ընդգծեց. «Ես համընդհանուր համաներման շրջանակում իմ քայլն եմ կատարել և ներել եմ այն մարդկանց, ովքեր այդ օրը բռնություն են կատարել իմ նկատմամբ։ Գտնում եմ, որ այդ մարդիկ արդեն ստացել են իրենց պատիժը, որն է՝ հայ ազգի քննադատական վերաբերմունքը իրենց արարքին, խմբակցությանն ու կուսակցությանը»։