Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արվեստագետն անհանգստացած է Լիլիթ Մակունցի հայտարարությունից (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
arvest

«Որ աբսուրդի դրսևորումներ չլինեն, Բաբելին՝ Բեբելից ու Հեգելից  կարողանան տարբերել ու կոնստրուկտիվ մոտեցումը չշփոթեն կոնստրուկտիվիզմի հետ»  Նկարիչների միության վարչության անդամ Անուշ Չուբարյանի կարծիքով էական չէ, թե Մշակույթի նախարարությունը ինչպես կկոչվի՝ կոմիտե, վարչություն, թե մեկ այլ անվանում, կարևորը աշխատակազմի կոմպետենտ լինելն է:  «Չի կարելի նույնիսկ ամենահայրենասեր, սակայն գործից անտեղյակ մարդկանց թույլ տալ  որոշումներ կայացնել, բարերարին, որ ֆինանսավորում է՝ ճաշակ թելադրել: Եվ եթե երկրում իրոք իրավիճակ է փոխվել, ապա այլևս իշխանությունն ու դրամը արվեստում չպետք է ճաշակ ձևավորեն: Եվ արվեստի ֆինանսավորումը, համակարգումը պատահական մարդիկ չպետք է ղեկավարեն: Լիլիթ  Մակունցի պնդումը, որ պարտադիր չէ ոլորտի մասնագետ լինել, ինձ կասկածելի թվաց և անգամ վախեցրեց»,- ասում է Չուբարյանը: Նկարիչների միության անդամ Մարթա Այվազյանի համար սկզբունքային չէ՝ մշակույթի նախարարությունը կլինի առանձին կառույց, թե կմիանա Կրթության և գիտության նախարարությանը: «Ես գտնում եմ, որ կրթությունն ու մշակույթը շատ փոխկապակցված են, որ մշակույթը միայն կերպարվեստ ու թատրոնը չէ: Մեր առօրյա խնդիրները նաև նրանից են, որ մարդիկ հեռացել են մշակույթից: Մշակույթը սկսվում է նիստ ու կացից: մշակույթը աշխարհայացքն է, որ ձևավորվում է ընտանիքում: Առանց ընթերցանության, կերպարվեստի ու գրականության մարդ լիարժեք չի կարող լինել, չի կարող լինել լիարժեք մասնագետ, առավել ևս լիարժեք ղեկավար ու պատասխանատվություն կրել այլ մարդկանց համար: Որ աբսուրդի դրսևորումներ չլինեն, որ Բաբելին՝ Բեբելից ու Հեգելից  կարողանան տարբերել: Որպեսզի կոնստրուկտիվ մոտեցումը չշփոթեն կոնստրուկտիվիզմի հետ: Ինձ մտահոգում է ոչ թե միավորման խնդիրը, այլ թե ով կղեկավարի: Դժվար է գտնել այն անձին, թեկուզ և կոմպետենտ, որը լինի մշակույթի, գիտության ու կրթության բազմազան ոլորտների գիտակ, կարողանա հասկանալ ու համակարգել, դրա համար պետք է գտնել իրոք պրոֆեսիոնալ մասնագետ-խորհրդականների, նշանակել ոչ միայն գործից, այլև լսող ու մասնագետի կարծիքը հաշվի առնող փոխնախարարների»: Նկարիչների միության վարչության անդամ Անուշ Առաքելյանին ևս մտահոգում է ոչ կոմպետենտ մարդկանց կողմից առաջարկվող նախագծերը, ինչպես Հայաստանի ազգային թանգարանի նկարները դպրոցներ տանելը, որը նա ուղղակի անթույլատրելի է համարում: «Նման աբսուրդ նախագծերը գալիս են նրանից, որ դրանով զբաղվում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ»,- ասում է նկարիչը: Տիկին Առաքելյանին մտահոգում է նաև մշակույթի նախարարության լինել-չլինելու խնդիրը: «Լավ, ասենք չի լինելու մշակույթի նախարարության կառույցը, -ասում է նա, - ապա ինչով է փոխարինվելու: Ես դեմ չեմ նախարարություն չլինելուն, ինձ մտահոգում է այն, որ չեն ասում, թե ինչով է փոխարինվելու այս կառույցը, այսինքն ես ուզում եմ հստակ իմանալ, թե ինչ է մեզ սպասում»: «Եթե Միություն հասկացողությունը սովետից եկած վերապրուկ է, ուրեմն մեզ տրված բնակարաններն էլ սովետի ժառանգություն են, և ի՞նչ՝ հրաժարվենք մեր բնակարաններից» Նկարիչների միությանը, Մարթա Այվազյանի խոսքով, պետք է ճիշտ վերաբերմունք ցուցաբերել, միությունը դիտարկել որպես նկարիչների շահերը պաշտպանող կառույց: Նկարիչների հեղինակային իրավունքները պաշտպանող կառույց: Եվ ոչ թե սովետից եկած վերապրուկ: «Եթե այն սովետական միության ժառանգություն է, ապա մեզ տրված բնակարաններն էլ սովետի ժառանգություն են, և ինչ, հրաժարվենք մեր բնակարաններից»,- ասում է Մարթա Այվազյանը: Անուշ Առաքելյանը ցավում է, որ նկարիչներն այսօր անտեսված են և միությունն այն տունը պետք է լինի, որ միավորի և կարողանան իրենց խնդիրները կարգավորել: Օրինակ, թոշակառու նկարիչների թոշակի հարցը, արվեստանոցների մեծ գույքահարկերի խնդիրը: «Արվեստանոցները՝ արհեստանոցներին են հավասարեցնում, և համարում բիզնես»,-ասում է նա: