Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաշքով փրկված երեխայի ապագան անորոշ է

Հասարակություն
AIN

Շուշիի բնակարաններից մեկում երեկ շմոլ գազից թունավորված 8-ամյա Նատի Մուսայելյանի վիճակը գնահատվում է բավարար: «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը: «Մենք քիչ առաջ խոսեցինք «Արևիկ» մանկական բուժմիավորման գլխավոր բժշկի՝ Մուսայելյան Մհերի հետ: Երեխան երեկ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց՝ շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ, արդեն այսօր պաշտոնապես հայտարարում ենք: Տեղի է ունեցել բժշկական միջամտություն, որից հետո երեխայի վիճակը կայունացել է»,-ասաց Նարիմանյանը: Ըստ Արմեն Նարիմանյանի ՝ հրաշք է տեղի ունեցել, որ երեխան փրկվել է: «Երեկ  երեկոյան 7-05 ահազանգ ենք ստացել, որ  Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու շտապ օգնության աշխատակիցները: Բնակարանում հայտնաբերվել են ամուսիններ Ս. Մ.-ի (ծնվ. 1986 թ.) և Ա. Ա.-ի (ծնվ. 1990 թ.), ինչպես նաև նրանց որդու՝ Ժ. Մ.-ի (ծնվ. 2014 թ.) դիերը: Իսկ 2011թվականին ծնված Նատի  Մուսայելյանին գտել են մահճակալի տակ՝ վերմակով ծածկված:  Այսօր պաշտոնապես հայտարարում ենք, որ թունավորում է տեղի ունեցել՝ շմոլ գազից»,-հայտնեց Արտակարգ Իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապրեի բաժնի պետը: Արմեն Նարիմանյանի տեղեկացմամբ՝ այս պահին հիվանդանոցում երեխային խնամում է հորաքույրը, իսկ թե ապագայում ում խնամքին կհանձնվի  երեխան, դեռ անորոշ է: