Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը դեռեւս անկախ եւ ինքնիշխան պետություն չէ. Տիգրան Խզմալյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tigran-xzmalyan

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը սգո եւ բողոքի ցույց կանցկացնի Գյումրիում՝ ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Սգո եւ բողոքի ակցիան տեղի կունենա հունվարի 12-ին՝ Ավետիսյան ընտանիքի սպանության 4-րդ տարելիցի եւ Ջուլիետա Ղուկասյանի սպանության 40-րդ օրը: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Հայաստանի Եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը: «Ակցիան ոչ այնքան քաղաքական, որքան մարդասիրական գործողություն է: Այս անգամ քաղաքական պահանջներ չենք ներկայացնի, ուղղակի ակցիա կանենք՝ լուռ, առանց պաստառների, մոմերով եւ զոհվածների լուսանկարներով»: Նման բողոքի ակցիաները կլինեն երկարատեւ, հավելում է Տիգրան Խզմալյանը: «Նպատակ ենք դրել ոչ միայն ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից, այլև պետք է լուծել Հայաստանի ապագաղութացման հարցը, իսկ դա հնարավոր կլինի միայն 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի չեղարկմամբ»,-ասում է նա: Ակցիայից անմիջապես հետո կուսակցությունը նախաձեռնելու է հանդիպումներ, քննարկումներ եւ քաղաքական ակցիաներ՝ մարտի 16-ին ընդառաջ: Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Տիգրան Խզմալյանը շեշտում է՝ Հայաստանը Ռուսաստանի կողմից զավթված եւ գաղութացված տարածք է: «Հայաստանը դեռեւս անկախ եւ ինքնիշխան պետություն չէ եւ որքան էլ զավեշտալի է, կարելի է լինել ՄԱԿ-ի անդամ, նշել անկախության տոնը եւ մնալ գաղութացված: Եթե որեւէ երկրի տնտեսության առյուծի բաժինը պատկանում է մեկ այլ երկրի, եթե այդ երկրի զորքերը կանգնած են մեր սահմաններին, ապա խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին անլուրջ է, դրանք ճորտատիրական, վասալային հարաբերություններ են»: Ինչ վերաբերում է տեղեկությանը, որ Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը, Տիգրան Խզմալյանն արձագանքում է: «Ես ուրախ կլինեմ, եթե նման փաստաթուղթ ստորագրվի: Հիմա միակ օտարերկրյա զորքը հենց Ռուսաստանի զորքն է»,-եզրափակեց նա: