Հեղափոխական Չալոյի բժիշկը (տեսանյութ)
Կենդանիների լեզուն հասկացող այս աղջիկը մանկուց վստահ է եղել, որ իր մասնագիտությունը կապված է լինելու հենց նրանց հետ։ «Այն օրվանից, որ իմացել եմ, որ մեծանամ ինչ-որ մասնագիտություն պետք է ընտրեմ, ընտրել եմ կենդանիների բժիշկ մասնագիտությունը։ Բոլորն ինձ ասում էին՝ դե մեծանաս կփոխվեն նախասիրություններդ եւ այլն։ Բայց ինչպես տեսնում եք, ոչ մի բան չփոխվեց »,- ասում է նա։ Անայիսը ծնվել է Իրանի Իսլամական հանրապետությունում ։ Ասում է՝ այնտեղ արգելված էր շներ պահել «2010թ օգոստոսին տեղափոխվեցինք Հայաստան, սեպտեմբերին արդեն իմ առաջին շունիկը մեզ հետ էր։ Երեք տարի առաջ որդեգրեցի երկրորդ շունիկիս»,- պատմում է երիտասարդ աղջիկը։ Աղջիկը բազմաթիվ կենդանիների է բուժել։ Իր այցելուներից մեկը հայտնի է հանրությանը. «Հեղափոխության օրերին զանգ ստացա ընկերուհուց,ասաց մի հատ շունիկ կա Հրապարակում, եթե հնարավոր է տեղափոխենք Ձեզ մոտ։ Քանի որ շատ էր քայլել, բավականին հոգնած էր։ Չալո-Քայլոն մեզ մոտ քնեց 48 ժամ»։ Քայլո-Չալոյի հետ կապված հետաքրքիր պատմություն կա. « Երբ որ Նիկոլ Փաշինյանին/ ապրիլի 22-ին / ձերբակալեցին, մտա կլինիկա, տեսա միայն շնչում էր։ Ուրիշ ոչ մի ռեակցիա։ Հետազոտմամբ պարզվեց, որ իր մոտ մակաբույծներից փոխանցվող հիվանդություն է հայտ եկել,որի բուժման շանսերը շատ քիչ էին։ Բայց Նիկոլ Փաշինյանի ազատ արձակվելու հաջորդ օրը՝ Քայլոն ամբողջությամբ լավ էր , լրիվ բուժվել էր եւ հաջորդ հանրահավաքին ինքը մասնակցում էր»։ Նա ասում է անասնաբույժ լինելու համար շատ մեծ սեր է պետք ունենալ կենդանիների նկատմամբ. «Մեր աշխատանքը միայն բուժելը չէ։ Խնամքը եւ շատ այլ մանրուքներ կան աշխատանքի մեջ։ Շատերը աշխատելուց հետո հիասթափվում են եւ թողնում են մասնագիտությունը»,- ընդգծում է Անայիսը։