Դեռ պատրաստ չեմ. Մարկ Գրիգորյանը ասուլիս չտվեց (տեսանյութ)
Դեկտեմբերի 20-ին Մամուլի ազգային ակումբում պետք է տեղի ունենար Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը, որը խոսելու էր իր՝ ռադիոյի գործադիր տնօրենի աշխատանքից ազատվելու մասին։ Գրիգորյանը ներկայացավ ասուլիսին, սակայն ասաց, որ դեռ պատրաստ չէ լրագրողների հետ զրույցին և խնդրեց որոշակի ժամանակ տրամադրել իրեն, որից հետո կհանդիպի լրագրողների հետ և կպարզաբանի ամեն բան։ Այնուամենայնիվ նա լրագրողներին հայտնեց, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել և որ խնդիրը լրիվ այլ հարթության մեջ է։ Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Հայաստանի հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ հայտարարել էին, որ սկսում են գործադուլ և պահանջում Մարկ Գրիգորյանի հրաժարականը։ Աշխատակիցների խոսքով, հանրային ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո ռադիոյում ամենաթողություն էր տիրում, որոշ հմուտ հեղինակներին հեռացնում էին աշխատանքից առանց պատճառի, իսկ աշխատավարձերը բաշխվում էին առանց տրամաբանության։