Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փնտրվում է ընդդիմություն` թուրը փառքով պատյան դնելուց հետո

Հարցազրույց Քաղաքականություն
Hasmik

   «Մեր թուրը փառքով դրեցինք պատյան»,- այս  արտահայտությամբ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, քաղաքագետ Հասմիկ Շափաղաթյանը գնահատեց  իրավիճակը՝   դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։ «Մենք ունեցանք Հայաստանի երրորդ հանրապետության մեջ  ընտրություն, որն իր բովանդակային և ֆորմալ առումներով աննախադեպ էր։- ասում է նա՝  ընդգծելով,-  Կայուն պետության հիմքում պետք է լինեն արդար և լեգիտիմ ընտրությունները, որի ականատեսը մենք դարձանք»։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, քաղաքագետ Հասմիկ Շափաղաթյանի հետ զրույցը ստորեւ. -Ինչպե՞ս կգնահատեք հետընտրական դրությունը։ -Այսօր ունենք հետընտրական մի շրջան, երբ տեղի են ունենում տարաբնույթ զարգացումներ, որոնց հիմքը «Փնտրվում է ընդդիմություն» կարգախոսն է։ Ընտրություններից  հետո «Լուսավոր Հայաստանն» իրեն այդ հիերարխիայում դիրքավորեց որպես ընդդիմություն։ -Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ-ԼՀԿ «հակամարտությունը»,որը սկսվեց  հայտնի հեռուստաբանավեճից հետո։ - Ըստ էության՝ սա արհեստական հակամարտություն է։ Դեռ ընթացքը ցույց կտա, թե ով ինչպես իրեն կդիրքավորի իրականում։ Քաղաքականության մեջ ասելը լավ է, բայց չափազանց ստորադաս է անելու նկատմամբ։ Մենք ունեցանք մի հետաքրքիր իրավիճակ, երբ քաղաքական դաշտում պայքար է մղվում ընդդիմություն լինելու համար։ Ստեղծված իրավիճակում «Լուսավոր Հայաստանը» կառուցողական ընդդիմություն լինելու համար ունի բոլոր նախադրյալները։ -Տիկին Շափաղաթյան,  ԲՀԿ-ն հայտարարում է, որ իշխանության համար հանդիսանում է այլընտրանք։  «Լուսավոր Հայաստանն»  էլ  դեռ չի ընկալվում ընդդիմություն, քանի  որ  մինչ այս ընտրությունները ՔՊ-ի հետ միասին հանդես էր գալիս «Ելք» դաշինքի կազմում։   Երրորդ  հանրապետության ընթացքում երբևիցե եղե՞լ է նման նախադեպ։ -Նման նախադեպ չի եղել, քանի որ Հայաստանում հետհեղափոխական իրավիճակ չի եղել։ Ճիշտ չէ ասելը, որ դասական քաղաքագիտության տեսանկյունից  ստեղծված դրությունը սխալ է։ Հեղափոխությունն, ըստ էության դասական իրավիճակ չէ։ «Լուսավոր Հայաստանը» դեռևս հեղափոխության շրջանում հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, և ի փառս «Լուսավոր Հայաստանի» և Էդմոն Մարուքյանի՝ պետք է ասեմ, որ նրանք երբևիցե չեն փորձել հեղափոխության «դափնիներն» իրենց վերագրել։ Մարուքյանից և մյուս անդամներից բազմիցս լսել եմ, որ իրենք հեղափոխություն չեն արել և հանդես են եկել որպես երրորդ ուժ։ Իմ տեսանկյունից՝ ավելի նախընտրելի կլինի, եթե ընդդիմադիր դիրքերից հանդես գա ԼՀԿ-ն։ Մենք ԲՀԿ-ի գործունեությունը շատ ենք տեսել խորհրդարանում, և այն ըստ էության չի կարող ստանձնել այդ դերակատարումը։ -Տիկին Շափաղաթյան, արտախորհրդարանական ուժերից ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն արդյո՞ք անմասն կմնան քաղաքական գործընթացներից։ -Գրեթե համոզված եմ, որ խորհրդարանից դուրս մնացած, նախկինում ծանր մանդատներ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն  «անգործ» չեն մնա, այսինքն կփորձեն ստեղծել արտախորհրդարանական ընդդիմադիր հարթակ։ Այնուամենայնիվ, իշխանությանն անհրաժեշտ է որևէ հակակշռող ուժ՝ առանց որի վերջինս կվերածվի ուռճացված կառույցի։ Ես համոզված էի, որ այս ընտրությունները պետք է ցույց տային բոլոր քաղաքաքական ուժերի ունեցած իրական էլեկտորատը։  Տվյալ դեպքում որևէ անոմալիա չեմ տեսնում։ -Արդյո՞ք համեմատաբար քիչ մասնակցության պայմաններում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են լեգիտիմ համարվել։ -Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր ՀՀ-ում 2.5 մլն մարդ չի ապրում։ Հաշվառված անձանց մի ստվար զանգված ինչ-ինչ պատճառներով Հայաստանից դուրս էր գտնվում, ընտրական իրավունք ունեցող անձանց մի մասն էլ դեռ հաշվառված չէր, հասարակության մեջ նաև կար մի սեգմենտ, որը չէր կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու և այդ պատճառով չէր մասնակցել ընտրություններին։ Այս իրավիճակում չենք կարող մասնակցությունը ցածր գնահատել։   Զրուցեց Օլյա Շահինյանը