ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՍԵՌԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԵՆ ԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում, բժիշկների հավաստմամբ, տղամարդիկ կանանցից հետ չեն մնում իրենց գեղեցկացնելու առումով: Ընդ որում` Հայաստանում անում են ցանկացած տրպի պլաստիկ վիրահատություն` ճարպերի արտածծում, կրծքագեղձի եւ որովայնի առաջին պատի պլաստիկա, կնճիռների ձգում, հետույքի, շրթունքների, անգամ սեռափոխության վիրահատություններ:
«Արֆա մեդ» բժշկական կենտրոնի վիրաբույժ Գարեգին Միրաքյանի հավաստմամբ` ամենաշատ դիմումները լինում են քիթը վիրահատելու համար, ինչը, ըստ մասնագետի` համարյա բոլոր հայերի խնդիրն է:
«Դիմում եմ հիմնականում մինչեւ 35-40 տարեկան կանայք եւ տղամարդիկ, գներն էլ ինդիվիդուալ են լինում` կապված նյութերի եւ աշխատանքի հետ»,- «Ա1+»-ին ասաց Գարեգին Միրաքյանը: Նա նաեւ պատմեց, որ վերջին ժամանակներս երկու դիմում է եղել սեռափոխության վիրահատության համար, սակայն իրենք մերժել են:
Իսկ ահա վիրաբույժ Առաքել Շահենիչն ասում է, որ իրենց բաժանմունքում Մոսկվայում վերապատրաստված համապատասխան մասնագետ ունեն եւ վերջերս մի սեռափոխության վիրահատության էին պատրաստվում, սակայն վերջում այդ տղան վախեցավ վիրահատության պրոցեսից ու հրաժարվեց:
«Սեռափոխության վիրահատությունը 2 բրիգադով է արվում եւ մկանահյուսվածքների ու շատ այլ բարդ պրոցեսներ է արվում»,-«Ա1+»-ին բացատրեց Առաքել Շահենիչը:
Նա նաեւ ասաց, որ իրենց մոտ շատ են դիմում ոտքերի ծռության, կրծքագեղձի եւ փորի ուղղման վիրահատությունների համար, եւ այս տիպի վիրահատությունների համար մեծ մասամբ երիտասարդ կանայք են դիմում:
Տղամարդկանց շրջանում էլ տարածված է նաեւ մազերի տրանսպլանտացիայի վիրահատությունները` կրակելու միջոցով աճող մազերի ավելացումը:
«Հանրապետական» հիվանդանոցի քիթ կոկորդի բժիշկ Մարիամն էլ ասում է, որ իրենց մոտ շատ երեխաներ են վիրահատվում ականջների ուղղման համար, քթի միջնապատը ծուռ կամ ավել միս ունենալու դեպքում էլ խնդրում են նաեւ քիթը փոքրացնել:
Մեր ճշտած տվյալներով քթի պլաստիկ վիրահատությունը սկսվում է 120 հազար դրամից, մյուս վիրահատությունները` կապված բարդությունից, ավելի թանկ են:
Նշենք, որ բժիշկների հավաստմամբ չնայած գներին ու երբեմն պրոցեսի ցավոտությունը, «նորաձեւ» է պլաստիկ վիրահատություն անելը եւ շատերն անգամ «պարտքով են վիրահատվում»` գեղեցկությունը առաջին անհրաժեշտություն համարելով: