Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծել են Գագիկ Համբարյանին (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-gagik-hambaryan

Հարձակման է ենթարկվել քաղաքագետ, ՇՊՀ-ի դասախոս Գագիկ Համբարյանը: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝  ժամը 09.30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Մայակովսկու փողոցի հատման վայրում: «Ա1+»-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանը ներկայացրեց դեպքի մասնրմասները, նշելով՝ իր վրա հարձակվել է Շիրակի պետական համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանի եղբայրը՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը: «Երբ տեսավ ինձ, հարձակվեց, սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել իմ և ընտանիքիս անդամների հասցեին: Տարածքում մարդիկ կային, ովքեր փորձեցին միջամտել, բայց նա կարողացավ ինձ հարվածներ հասցնել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»: Գագիկ Համբարյանի խոսքով, ինքը վնասվածքներ է ստացել դեմքին՝ քթի եւ աչքի հատվածում: Քաղաքագետը նշում է՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի քրոջ հետ իր հարաբերությունները բավականին լարված են:  «Անահիտ Հովհաննիսյանը իմ եւ գործընկերոջս՝ Հովհաննես Խորիկյանի նկատմամբ բացահայտ հակակրանք էր ցույց տալիս, որովհետեւ մենք մատնացույց էինք արել նրա ապօրինությունները համալսարանում: Վերջերս մենք դիմել էինք իրավապահ մարմիններին համալսարանի էթիկային հանձնաժողովի 5 անդամի դեմ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: Հենց այդ նույն հանձնաժողովի եւ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի գործունեության արդյունքում մեզ ազատեցին աշխատանքից: Գործը մինչեւ հիմա քննվում է»: Գագիկ Համբարյանը նշում է, որ Ռաֆիկ Հովհաննիսյանի նման պահվածը հավանաբար դրանով է պայմանավորված: «Անահիտ Հովհաննիսյանը բազմիցս է բուհի աշխատակիցների մոտ պարծեցել, որ իր եղբայրը՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը, դանակը գրպանը ման է գալիս մեր թաղում՝ ինձ սպանելու նպատակով: Այդ հայտարարություններին ես միշտ վերաբերվել եմ հումորով, բայց այդ մարդն իսկական հանցագործ է եւ նրան պետք է մեկուսացնել»: Դասախոսն  արդեն դիմել է ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրի բաժին, նրան ուղեգիր է տրվել, արդեն եղել է դատաբժշկի  մոտ: «Անցել եմ մեկ հետազոտություն, վաղը կշարունակվի հետազոտությունների շարքը: Քթի ռենտգեն եմ անցնելու, տեսնենք թե ինչ վնասվածքներ կան»,-եզրափակեց Գագիկ Համաբարյանը: