ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր նարեկացիագետ, բանաստեղծ Հրաչյա Թամրազյանը ընտրվեց Մատենադարանի տնօրեն:
Հիշեցնենք, որ Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ էին ներկայացրել 2 գիտաշխատող՝ Էռնա- Մանյա Շիրինյանը եւ Հրաչյա Թամրազյանը:
39-ը գիտաշխատողներից քվեարկությանը մասնակցեցին 34-ը, որոնցից 27-ը իր ձայնը տվեց Հրաչյա Թամրազյանին: Էռնա-Մանյա Շիրինյանին իր քվեն տվեց վեց գիտաշխատող, իսկ մեկ քվեաթերթիկ էլ ճանաչվեց անվավեր:
Նորընտիր տնօրենը ակնկալում էր քվեարկության նման արդյունք, եւ ընտրություններից անմիջապես հետո խոսեց հետագա անելիքների մասին: «Բոլոր խնդիրները` կապված թվայնացման հետ, կապված շենքի մասնաճյուղի ծրագրերի հետ եւ այլ խնդիրներ փորձելու եմ ներկայացնել Կառավարություն»,- ասաց Մատենադարանի նորընտիր տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Իսկ ձեռագրերի թվայնացման հետ կապված Հրաչյա Թամրազյանն ունի իր կարծիքը.« Իրավամբ չեղյալ է հայտարարված այդ պայմանագիրը եւ նոր հիմունքներով պիտի այդ ծրագիրն իրագործվի Մատենադարանում, մատենադարանի ուժերով՝ հաշվի առնելով Մատենադարանի բացառիկ շահերը»:
Հիշեցնենք, որ Մատենադարանի նախկին տնօրինությունը պայմանագիր էր կնքել ամերիկյան մի ընկերության հետ ձեռագրերը թվայնացնելու համար, սակայն հասարակության ճնշմամբ այն չեղյալ հայտարարվեց: Այդ պայմանագրով Մատենադարանը դառնում էր համասեփականատեր: Այդպիսի տարբերակը նորընտիր տնօրենը ամբողջովին բացառում է: