Իմ նկատմամբ ուղղորդված դեզինֆորմացիա է տարածվում. Կենդանաբանական այգու տնօրեն
Երևանի կենդանաբանական այգին Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի թեկնածու անդամ է և դրա լիիավ անդամակցությունը կստնա հաջորդ տարի։ Ասոցիացիայի լիիրավ անդամ դառնալու համար պարբերաբար ստուգումներ են իրականացվում Երևանի կենդանաբանական այգում պահվող կենդանիների խնամքի և պայմանների հետ կապված։ Նոյեմբերի 30-ին կենդանաբանական այգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու գլխավոր կուրատոր Յանուշ Շանտոնն ասաց, որ իրենք գոհ են Երևանի կենդանաբանական այգու աշխատանքից և այս պահին Երևանի համար ընձուղտներ և զեբրեր են փնտրում։ Հանդիպման ընթացքում խոսվեց նաև վերջերս սատկած կոկորդիլոսի մասին։ «Կոկորդիլոսը կենդանաբանական այգում է հայտնվել 20-25 տարի առաջ, սակայն մինչ օրս չկա որևէ փաստաթուղթ առողջական վիճակի կամ նրա տարիքի վերաբերյալ»,- ասաց Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը: Կենդանաբույժը հայտնեց, որ կոկորդիլոսի դիահերձման արդյունքում պարզ է դարձել, որ այն 10 և ավելի տարիներ շարունակ ունեցել է խրոնիկական հիվանդություն: «Դիահերձմանը մասնակցել են ոչ միայն մեր մասնագետները, այլև Ագրարային համալսարանի, անասնաբուժական տեսչության մասնագետները, որոնք համակարծիք էին ինձ հետ»: Լրագրողների այն հարցին, թե մինչ օրս կոկորդիլոսը ստուգումներ չի՞ անցել, որի միջոցով կարող էր պարզվել նրա հիվանդությունը՝ Յանուշ Շանտոնը պատասխանեց. «Կոկորդիլոսը բավականին ամրակազմ կենդանի է, և կլինիկական ախտանիշները տեսանելի չեն։ Կոկորդիլոսը չի կարողանում իր վարքագծով ցույց տալ, որ առողջական խնդիր ունի և օրինակ. եթե զեբրը հիվանդության դեպքում կախում է ականջները, ապա կոկորդիլոսը ոչ մի կերպ ցույց չի տալիս իր ցավերը»: Շանտոնը նշեց նաև, որ դժվարություններ կան կոկորդիլոսին բռնելու հարցում, քանի որ դրան քնեցնելը իրենից որոշակի ռիսկեր է ենթադրում հենց կենդանու համար, հատկապես այն դեպքում, երբ կենդանին արդեն ունի որոշակի խրոնիկ հիվանդություններ: Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ իրենք ժառանգել են ծեր և գենետիկորեն ոչ առողջ կենդանիներ, որոնք առաջացել են ներազգակցական կապի արդյունքում ու կենսունակ չեն: Խաչատրյանն ասաց, որ հանրության մեջ ստեղծված խուճապային իրավիճակը արհեստածին և ուղղորդված դեզինֆորմացիայի արդյունք է, որը հատուկ նպատակ ունի: «Այս դեզինֆորմացիայի նպատակը Հայստանի՝ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի անդամ դառնալու ձախողումն է, քանի որ մարդիկ ունեն անձնական շահեր. Հայաստանի անդամակցությունը պետք է բացառի որևիցե անհատի շահերը կապված կենդանիների բազմացման, առք և վաճարքն ու էկզոտարիումի աշխատանքը։ Ահա թե ինչու չեն ուզում, որ մենք միանանք այս ասոցիացիային»: Անդրադառնալով վերջին շրջանում իր հասցեին հաճախակի հնչող մեղադրանքներին, կենդանաբանական այգու տնօրենն ասաց, որ մեղադրանքների ցանկը ներկայացվել է տարբեր մամինների և անցկացվում են ստուգումներ, որպեսզի պարզվեն՝ արդյոք ճշմարտացի են։ «Մենք դիմել ենք դատարան, որպեսզի պահանջենք հերքում այն ստերի, որոնք տարածվեցին Երևանի կենդանաբանական այգու և իմ անձի նկատմամբ»,- ասաց Խաչատրյանը։