Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ախուրյան. աղետից 30 տարի անց

Հասարակություն
31_big

Պատմում է Արծրունի Իգիթյանը՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար

Ախուրյան համայնքը մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը հանդիսանում էր Ախուրյան շրջանի կենտրոնը: Ուներ 41 բարձրահարկ բազմաբնակարան շենք` 1404 բնակարանով, որոնք հիմնականում ավերվեցին։ Այդ ժամանակ աշխատում էի Ախուրյանի շրջանային կենտրոնում, որպես «Գիտելիք» ընկերության պատասխանատու քարտուղար: Բավականին ծանր ժամանակներ էին, հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների հետևանքով Հայաստան էին տեղափոխվել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներ, մեր համայնքը նրանցից շատերին էր հանգրվանել, տեղավորել տարբեր շենքերում, այդ թվում շրջկոմի շենքում, որն ի դեպ երկրաշարժին ամենից քիչ է վնասվել: Ծանր են հիշողությունները աղետյալ երկրաշարժի հետ կապված: Դրանք հնարավոր չէ հիշել առանց ծանր ապրումների: Համայնքի` չորս տասնյակից ավելի բազմահարկ բնակելի շենքերից կանգուն էին մնացել 8-10-ը, որոնք վթարային լինելու պատճառով հետագայում քանդվեցին: Մշակութային, կենցաղային և այլ նշանակության շինությունները հիմնականում ավերվել էին: Մի դեպք է տպավորվել. բռնագաղթված և Ախուրյանում հանգրվան գտած ընտանիքների մեջ կային տարեց ամուսիներ: Շենքը, որտեղ նրանց բնակարանն էր` քանդվել էր, կանգուն էր մնացել մի փոքր հատված: Կանգուն մնացած հատվածի վրա եղել էր բազմոց, որի վրա երկրաշարժի պահին նստած էին եղել տարեց ամուսինները: 5-րդ հարկում, օդից կախված բազմոցին երեք օր նստած մնացին, մինչև համապատասխան տեխնիկայի օգնությամբ կարողացանք իջեցնել: Կարող է նույնիսկ անհավանական թվալ, բայց երբ մարդկանց հանում էին փլատակների տակից առաջին հարցը լինում էր` Ղարաբաղում ի՞նչ է կատարվում, ո՞նց է իրավիճակը:   Տնակներում ապրում են հիմնականում ոչ աղետի հետևանքով տուժածները Ախուրյանում բնակարանների ապահովման պետական ծրագիրն ամբողջովին ավարտվել է, բացառությամբ մի քանի դեպքերի, որոնք վիճելի հարցեր են պարունակում: Այս 30 տարիների ընթացքում լուծվել է ավելի քան 1296 ընտանիքի բնակարանային խնդիր, իսկ դեռևս գոյություն ունեցող տնակներում տարբեր պատճառներով ապրում են հիմնականում անօթևանության կարգավիճակ չունեցողներ, որոնց նկատմամբ պետությունը կատարել է իր պարտավորությունը: Եղան դեպքեր, երբ մարդիկ վաճառելով բնակարանը՝ գումարն օգտագործել են տարբեր նպատակներով՝ ֆինանսական, առողջական խնդրիների լուծման նպատակով: Համայնքում տնակային տնտեսությունների առկայության պատճառներից է նաև ընտանիքների աճը: 2002-2004 թթ. միայն 601 ընտանիք բնակարան է ձեռք բերել բնակարանի գնման վկայագրի միջոցով: Բոլորովին վերջերս համայնքում շահագործման է հանձնվել 104 բնակարանով 3 բազմահարկ բազմաբնակարան շենք, որոնցից մեկի նախագիծը լրամշակվել է ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի պատվերով, կիրառվել են էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ:   Համայնքի վերածնունդը Ախուրյանում կատարված հսկայածավալ աշխատանքի արդյունքն ակնհայտ է,  համայնքը դուրս է եկել ծանր վիճակից: Սկսվել են բակերի ու փողոցների բարեկարգման, խաղահրապարակներում տաղավարների տեղադրման աշխատանքները, ընթացքի մեջ է համայնքային զբոսայգու ստեղծման աշխատանքները: Կառուցվել են ոռոգման ջրագծեր, բարեկարգվել և ասֆալտապատվել ճանապարհներ: Թե´որպես ախուրյանցի, թե´ որպես քաղաքացի և թե´ որպես համայնքի ղեկավար հաճելի պահեր եմ ապրել, ուրախացել կառուցվող ամեն մի շենքի ու տան համար: Առավել ևս` շահագործման հանձնվող կամ բնակարանի վկայագիր տրամադրելու ժամանակ աննկարագրելի է եղել ուրախությունս: Որպես համայնքի ղեկավար, ամփոփելով յուրաքանչյուր տարին, հպարտության զգացողություն էի ունենում՝ ամեն տարի հաշվետվությունները կազմվում էին նոր ու ավելի բարձր թվերով: Հպարտության զգացողությունն ավելի մեծացավ, երբ 2015 թվականին Ախուրյանը ճանաչվեց «Տարվա լավագույն գյուղական համայնք»:   Դպրոցներն ու մարզադպրոցները պատրաստում են գիտության և սպորտի վարպետներ Համայնքում այժմ առկա է երկու դահլիճով համալիր մարզադպրոց: Հպարտություն եմ ապրում միայն այն մտքից, որ մեր մարզադպրոցի սանը մասնակցել է Օլիմպիական խաղերի, ունեցել ենք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, մրցանակակիրներ: Ախուրյանում առկա է երեք մանկապարտեզ՝ 250 երեխայի համար նախատեսված, արվեստի դպրոց` երաժշտական և նկարչական բաժիններով, գրադարան, մշակույթի տուն: Ախուրյան գյուղն ունի չորս դպրոց, մեկն՝ ավագ, երեքը՝ հիմնական: Բոլոր ուսումնական կենտրոնները կառուցվել են երկրաշարժից հետո՝ ժամանակակից սեյսմիկ նորմերին համապատասխան: Ռուսաստանաբնակ բարերարների ներդրումների (շուրջ 140.000 ԱՄՆ դոլար) շնորհիվ արդեն 15 տարի է ինչ համայնքում գործում է Ախուրյանի բժշկական կենտրոնը, որի մեջ մտնում է պոլիկլինիկական ծառայությունը, ստացիոնար բաժանմունքը, մարզային պրոկտոլոգիայի կենտրոնը, շտապբուժօգնության ծառայությունը:   Ախուրյանի ծննդատունը մրցունակ է Գյումրիի ծննդատներին 1997 թվականից գործում է ՀՕՄ-ի միջոցներով կառուցված և շահագործման հանձնված Մոր և մանկան առողջության կենտրոնը` հագեցած ժանակակակից անհրաժեշտ բուժսարքավորումներով, նախածծնդյան և հետծննդյան սպասարկումով: Գործում է նաև ծննդատուն, որը, ի դեպ, մրցակից է Գյումրիի ծննդատներին: Գյումրիում գործող երկու ծննդատները՝ առանձին-առանձին վերցրած, ծնունդների թվով զիջում են Ախուրյանի ծննդատանը: Ախուրյանում է գտնվում Հայաստանում գործող շաքարի գործարանը, ապահովելով մեծ թվով աշխատատեղեր: Համայնքում գործում են մեծ թվով կազմակերպություններ, այդ թվում շինարարական, սպասարկման ոլորտի, ինչպես նաև նախկինում տարածաշրջանը սպասարկող՝ Ոստիկանության, Ազգային անվտանգության, Զինկոմի, Գազի, Էլեկտրական ցանցերի, Սոցիալական ծառայության, Սոցապահովության տարածքային կենտրոնները:   Հիմնական աջակցությունը եղել է պետության կողմից Ախուրյան համայնքում պետական բյուջեի միջոցներով իրականացվել են տարբեր ծրագրեր: Համայնքում որոշ շենքեր կառուցվել են օգնության եկած ռուս շինարարների կողմից, որից հետո պետության միջոցներով սկսվել է ԲԳՎ (բնակարանների գնման վկայագիր) ծրագիրը, բնակարանաշինությունը, շենքերի ամրացման ու վերականգնման գործընթացը: Պետությունն աջակցություն է տրամադրել համայնքի բնակիչներին՝ իրենց պատկանող հողամասերում կիսակառույցներն ավարտին հասցնելու համար: Աղետի հետևանքները վերացնելու գործում անուրանալի է պետության դերը, իսկ այդ աշխատանքները կատարելու, համակարգելու գործընթացում հիմնական և առանձնահատուկ դերակատարը եղել է և մինչ օրս մնում է Քաղաքաշինության ոլորտը կարգավորող գերատեսչությունը: Որպես համայնքի ղեկավար, ցանկությունս միակն է. զարգացնել Ախուրյանը, ստեղծել է՛լ ավելի հարմարավետ միջավայր՝ ապրելու, գործելու, արարելու համար:   Հասմիկ Պետրոսյան ՀՀ Քաղաքաշինության կոմիտե