Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը լղոզում է պատասխանատվությունը.  Փոխվարչապետի նախկին օգնական

Հարցազրույց

Հարցազրույց «Քաղաքացու որոշում» կուսակցության մամլո խոսնակ, գործադիր մարմնի անդամ  Միքայել Նահապետյանի հետ -Պարո՛ն Նահապետյան, որո՞նք էին այն գլխավոր պատճառները, որ ստեղծվեց «Քաղաքացիական որոշում» կուսակցությունը: Ինչպիսի՞ գաղափար կրող մարդկային ռեսուրսների հիման վրա ստեղծվեց այս կուսակցությունը։ - Նախորդ կառավարությունների ժամանակ ՀՀ-ում իշխանությունը յուրացված է եղել կեղծված ընտրությունների միջոցով, և այդ պայմաններում հասարակական կյանքը կազմակերպվել է ոչ լեգիտիմ պայմանադրության հիման վրա։ Առաջին փուլը մեր օրակարգերի այդ պայմանադրությունների լեգիտիմության խնդիրն է եղել, որ մեր հասարակությունն անկախ քաղաքական գաղափարներից, անկախ տեսակետների բազմազանությունից փոխադարձ ընդունելի պայմանների շուրջ պիտի ապրի։ Եվ մենք ունեցել ենք պայմանների մեր պատկերացումները և պատրաստակամություն ենք հայտնել քննարկել մյուսների համար ընդունելի պայմանները։ Դրանք օրենսդրական խնդիրներն են՝ նոր Սահմանադրության ընդունում, Ընտրական օրենսգրքի ընդունում, կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, հասարակական միավորումների մասին օրենք։ Երկրորդը՝ մեր սոցիալ-տնտեսական օրակարգերն են, որոնք մեզ պարբերաբար դուրս են բերել փողոց՝ սկսած տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարժումից, Մաշտոցի պուրակում և հանրային տարածքներում կանաչապատ տարածքների պահպանման թեմաներից, տարբեր մետաղական հանքավայրերի շահագործման դեմ պայքարներով, առողջ միջավայրում ապրելու և սեփական բնօրրանում ճակատագիրը որոշելու հարցերից, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հարցում սոցիալական արդարության օրակարգից, կուտակային կենսաթոշակային օրենքի հետ կապված հարցում սերունդների միջև համերաշխության և էլի սոցիալական արդարության օրակարգերից։ Այսինքն՝ այս ամենը միավորվում է մեկ գծի մեջ, որը սոցիալական պետության ընդհանուր էությունն է նախանշում։ Այս միավորումը շատ օրգանական է տեղի ունեցել, որովհետև մենք մեր կյանքը 3 տարի առաջ, 5 տար առաջ որպես անհատներ ապրել ենք այդպես։ Եվ մեր միավորվելու գլխավոր խթանը եղել է այն, որ մենք հասկացել ենք, որ նոր պայմաններում, երբ արդեն ընտրությունները չեն կեղծվելու, կարելի է շատ ավելի համակարգված, շատ ավելի համակարգային զբաղվել այն օրակարգերով, որոնք մեզ համար կարևոր էին 3 տարի առաջ, 5 տարի առաջ։ Սա է գլխավոր շարժառիթը և գլխավոր կորիզը, որ հավաքել է մեզ բոլորիս։ Մենք մարդիկ ենք, ում համար միշտ ակտուալ են եղել այդ օրակարգերը անհատապես, հիմա՝ արդեն որպես կուսակցություն։ -Ի՞նչպես եք ձեզ պատկերացնում խորհրդարանում։ Եթե հայտնվեք խորհրդարանում, առաջարկի դեպքում իշխանության հետ կոալիցիա կկազմե՞ք։ Ձեզ պատկերացնում եք որպես իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն։ -Քաղաքացիները պետք է իրենք որոշեն այն համամասնությունը, որով քաղաքական ուժերը կլինեն խորհրդարանում։ Այսինքն՝ տեսականորեն կա հավանական 3 տարբերակ։ Առաջին, որ մենք կզբաղեցնենք խորհրդարանում մեծամասնություն։ Երկրորդը, որ մենք խորհրդարանում կզբաղեցնենք փոքրամասնություն։ Եվ երրորդ տեսական տարբերակն այն է, որ մենք չենք լինի խորհրդարանում։ Սրանցից յուրաքանչյուրի դեպքում արդեն տարբեր հնարավորությունների մասին է կարելի խոսել։ Այն պարագայում, երբ մենք կհայտնվենք խորհրդարանում որպես մեծամասնություն, մենք 100 տոկոսով կգնանք իրականացնելու մեր ծրագրերը, այն օրակարգերը, որոնք նախանշել ենք որպես մեր ծրագրային դրույթներ։ Կա առաջին տարբերակ. եթե մենք խորհրդարանում քաղաքացիների որոշմամբ ունենանք փոքրամասնություն, բայց կունենանք տեղ, նման պարագայում մենք էլի կգնանք մեր օրակարգերն իրականացնելու ճանապարհով։ Հիմա իշխանության հետ, գործող կառավարության հետ մեր ներկա ու ապագա հարաբերությունների մասին։ Մեզ համար սկզբունքային կարևորություն ունի մեր օրակարգերի իրականացումը։ Այսինքն՝ եթե մեզ հետաքրքրեր աշխատավարձը, եթե մեզ հետաքրքրեր պաշտոնը, մենք հեղափոխությունից հետո ունեցել ենք նման առաջարկներ, մենք այդ առաջարկները կարող էինք ընդունել, մենք կարող էինք հիմա մեր օրակարգերը ցույց չտալ և ավելի հարմարվողական վարք դրսևորել հանուն պաշտոնների։ Եվ ի վերջո մենք կարող էինք մեր աշխատանքները, որոնք շատ ավելի բարձր վարձատրվող աշխատանքներ են եղել, դրանցով ապրեինք։ Մեր թիմում կան միջազգային առաջնակարգ ծրագրավորողներ, ովքեր պատգամավորի աշխատավարձի պարագայում լրջագույն ֆինանսական խնդիրների առջև են կանգնելու, որովհետև վերցրել են օրինակ՝ հիպոթեքային վարկեր, որոնք ներկա աշխատավարձով հնարավոր է մարել, պատգամավորի աշխատավարձով՝  անհնար։ Այսինքն եթե մեզ համար այդ կոմֆորտ զոնան լիներ խնդիրը, մենք կոմֆորտ զոնայում եղել ենք այդ առումով։ Եվ խնդիր չունենք իշխանության հետ համագործակցությամբ մեզ համար կոմֆորտ զոնա ստեղծել։ Ու ընդհակառակը հիմա երբ իշխանությունը հանցավոր չէ և ամոթ չէ նրա հետ համագործակցել, մենք ընտրել ենք մեր սկզբունքների ու ծրագրերի հետևից գնալու ճանապարհը և չենք ընտրել նրանց հետ թեկուզ այս շրջանում պատվաբեր ընկալվող համագործակցության ճանապարհը։ Նրանց հետ համագործակցությունը հնարավոր է, եթե մեր ծրագրերն ու տեսլականը համընկնեն, բայց այս պահին ես տեսնում եմ հստակ ազդակներ, որոնք խոսում են այն մասին, որ մեր ծրագրերը ամենայն հավանականությամբ չեն համընկնի։ Դրա մասին է խոսում հարկային օրենսգրքի ընդհանուր տեսլականը, որ ունի ներկա կառավարությունը, այսինքն՝ համահարթ եկամտային և շահութային հարկի տեսլականը, դրա մասին են խոսում քաղաքական հայտարարությունները, որ պարբերաբար արվում են։ Վիճակագրական տվյալները. մարդկանց կյանքի որակը տեսնելու փոխարեն վիճակագրական տվյալները տեսնելու քաղաքականությունը։ Այսօր մենք օր օրի ավելի ու ավելի ենք ստանում ազդակներ, որ մեր և կառավարության միջև համագործակցությունը հնարավոր չէ։ Պատրա՞ստ ենք լինել ընդդիմություն, թե՞ ոչ. մենք պատրաստ ենք լինել մեր հնչեցրած օրակարգերի դիմաց ստացած ձայների, քաղաքացիների վստահության քվեի կրողը, եթե կարիք լինի դրա համար դեմ գնալ ընդհանուր իշխող հոսանքին: Մեզ համար երբեք խորթ չի եղել իշխող հոսանքին հակառակ գնալը։ Մենք մեր այս քաղաքական վարքի պատճառով բազմիցս հայտնվել ենք ոստիկանության բաժանմունքներում, զրկվել ենք աշխատանքներից, կրել ենք դժվարություններ, անհանգստացրել ենք մեր ընտանիքի անդամներին, բավարար ժամանակ չենք տրամադրել։ Բայց եթե մենք հասկացել ենք, որ եթե մեզ համար սկզբունքայինը նախատեսում է դեմ գնալ իշխող ուղղությանը, ապա մենք դեմ ենք գնացել և պատրաստ ենք դեմ գնալ։ Եվ փողոցը մեզ համար ամենականխատեսելի միջավայրն է քաղաքական դաշտում, որովհետև մեր քաղաքական ուժի անդամներից շատ շատերը քաղաքական գործունեությամբ զբաղվել սովորել են հենց ռեալ այդ փողոցային պայքարի տարածքում, որը քաղաքական ամենամեծ դարբնոցն է Հայաստանում, որով կարելի է անցնել։ Որովհետև չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի ընդունարանով անցնելով՝ մարդիկ կարող են քաղաքական գործիչ դառնալ, առավելևս ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Վերջին 30 տարում իշխանության միջանցքներում մեծացած  և արտասահմանյան համալսարաններում հանրային կառավարում սովորած մարդիկ այն չեն, որ պետք է լինի հասարակության կարծիքն առաջ մղող մարդը։ Մենք պատրաստ ենք լինել ընդդիմություն, եթե ՀՀ քաղաքացին որոշի, որ քաղաքացիների փոքր սպեկտրը որոշի, որ մեր տեսակետը կարևոր է, մենք այդ փոքր մասի շահերը ՀՀ մյուս քաղաքացիների շահերի հետ կներկայացնենք: Կփորձենք այն մեծ մասին, որ մեզ հետ համաձայն չի եղել, համոզենք, որ մենք երկրի հետագա զարգացման ճիշտ ճանապարհն ենք ցույց տալիս։ -Քարոզարշավին ի՞նչ կարգախոսի, նշանաբանի ներքո եք հանդես գալու։ Եվ եթե արդեն որոշել եք նշանաբանը, ապա ինչո՞ւ հենց դա։ -Ճիշտն ասած քննարկվող տարբերակներ կան։ Ձեր թույլտվությամբ դեռևս այդ փակագծերը չբացեմ, որովհետև քարոզչական ռազմավարություն չենք ամփոփել դեռևս, դեռ մշակման փուլում է։ Դրանից բխող որոշակի գործիքակազմեր կան, որ կխաթարվեն, եթե ես հիմա իմֆորմացիա տամ Ձեզ դրա մասին։ -Ձեր կուսակցությունը քարոզարշավը  հիմնականում ՀՀ-ի ո՞ր մասերում է կենտրոնացնելու։ Հայաստանի ո՞ր մասերում է ձեր հիմնական ընտրազանգվածը, որ ձեր գաղափարները կկիսի ձեզ հետ։ -Ես ուզում եմ դուրս գալ ռեյտինգային ընտրակարգի տրամաբանությունից, որովհետև ինձ համար մերժելի է։ Ընդհանուր առմամբ մենք ամենայն հավանականությամբ քարոզչական նյութերի մեծ մասը, այն մասը, որ ընդունված է եղել կառուցել  ռեյտինգային տրամաբանությամբ, համամասնականի տրամաբանությամբ ենք փորձելու կառուցել։ Մեր քարոզչական ծածկույթը ՀՀ-ն է։ Բայց միևնույն ժամանակ հաշվի ենք նստում այն իրականության հետ, որ Հայաստանի տարածքում տարբեր տեղեր մեր թեկնածուներից ոմանք շատ ավելի հանրահայտ են, ոմանք առավել պակաս հանրահայտ են, և դա որոշակի ազդեցություն կունենա։ Այս դեպքում ես որոշակի կանխատեսում չեմ անի։ Մենք ուժեղ ենք այնտեղ, որտեղ ուժեղ ենք, ու ենթադրում եմ, որ քարոզարշավի առաջին շաբաթից հետո պարզ կլինի, թե որոնք են այն ընտրատարածքները, որտեղ մենք առավել լայն աջակցություն կստանանք։ Ընդհանուր առմամբ մեր թիրախը ողջ Հայաստանն է։ -Ներկա կառավարության թերությունները, բացերը որո՞նք են, որ խորհրդարանում հայտնվելով պատրաստ եք վերացնել, լրացնել։ -Այս 6 ամսվա ամենակարևո՞ր խնդիրը. տնտեսական առաջնահերթությունների մեջ  կա ՏՏ ոլորտը, կա զբոսաշրջությունը, կա գյուղատնտեսությունը, իսկ արդյունաբերությունը չկա։ Իսկ արդյունաբերությունն այն հիմնական ոլորտն է, որի զարգացման վրա կառավարությունը պետք է շեշտադրում աներ։ Որովհետև դա գործազրկման հաղթահարման, աղքատության հաղթահարման, երկրի տնտեսական առաջխաղացման համար, օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար, տեղական ներդրումներ ներգրավելու համար, արտահանմանը միտված տնտեսություն ձևավորելու համար բոլոր այն պրիորիտետները, որ կան կառավարությունում, դրանց բոլորի ողնաշարն արդյունաբերությունն է, որն առաջնահերթություն չի հռչակվել անցումային կառավարության ծրագրում։ Հույս ունեմ, որ ընտրություններից հետո նոր ձևավորվելիք կառավարության ծրագրում դա առաջնահերթություն կլինի։ Հույս ունեմ, որ ընտրություններին մասնակցող ուժերն այդ ոլորտի հետ կապված տեսլականը կներկայացնեն ոչ միայն գրելով, որ արդյունաբերությունն առաջնահերթություն է իրենց համար, այլ նաև ասելու են, թե այդ առաջնահերթությունը սպասարկելու համար ինչպիսի գործիքներ են օգտագործելու։ Սա ընդհանուր առմամբ մի թիրախային փոքրիկ քննադատություն։ Շատ են հանրային կառավարման ոլորտում անհամաձայնությունները, սակայն սրանք ուղղակի աշխատանքային խնդիրներ են, այսինքն՝ մի տեղ, մի բառ, մի ձևակերպում հնարավոր է, որ անհամաձայնության առիթ դառնա. դրանք այն չեն, ինչի վրա պետք է կառուցել քաղաքական բովանդակությունը։ Ես հակված եմ քաղաքական բովանդակությունը կառուցել շատ ավելի անկյունաքարային հարցերի վրա, որոնցից մեկը, օրինակ՝ թե ինչի մեջ ես մեկնաբանում քաղաքացիների կյանքի որակը. վիճակագրակա՞ն ցուցանիշների մեջ, թե՞ իրական կյանքում, իրական հատվածում։ -Նոյեմբերի 1-ին սեփական դիմումի համաձայն Դուք ազատվեցիք փոխվարչապետի օգնականի պաշտոնից, որո՞նք էին հիմնական պատճառները։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրենց քաղաքական թիմը ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարել է: Ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի հայտարարությունը։  -Ես պարզաբանել եմ իմ հրաժարականի պատճառները։ Այդ պատճառները Մարտունիում հնչեցրած հայտարարությամբ վերահաստատեց վարչապետը։ Առանցքային պատճառը դա էր. խոստացվածը չկատարելուց հետո պատասխանատվություն ստանձնելուց հրաժարվելու դրսևորումն էր։ Պատասխանատվությունը լղոզելու դրսևորումն էր։ Եվ ես կրկնում եմ իմ այդ հայտարարությունը, ես վերահաստատում եմ իմ հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը լղոզում է իր պատասխանատվությունը։ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության հարթակից շատ հստակ, ուղիղ բառերով հայտարարել է, որ փոփոխության է ենթարկվելու ընտրական օրենսգիրքը և կուսակցությունների մասին օրենքը։ Եվ եթե նա դեռ ռացիոնալ է, եթե նա դեռ տիրապետում է իրավիճակին, ապա այդ հայտարարությունը, որ 100 տոկոսով իրենք իրականացրել են այն, ինչ խոստացել էին, թող ևս մեկ անգամ լսի իր այդ հայտարարությունը հեղափախության օրերին, որովհետև հնարավոր է, որ գերհոգնած է եղել կամ էմոցիոնալ հուզմունքի պահին է եղել։ Թող ևս մեկ անգամ լսի՝ ինչ է ասել հեղափոխության հարթակից և ինչ է ասում հիմա։