A
A
Եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ կաթողիկոսը թիկնազորով շրջի. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչու են դեմ եղել Ամենայն հայոց կաթողիկոսին պետբյուջեից անվտանգություն ապահովելու նախագծին։
«Ասում էին՝ մտել են ցուցարարները վեհարան, ինչո՞ւ նրանք այդտեղ չեն, որովհետև ոստիկանությունը հատուկ գործողությամբ նրանց դուրս է հրավիրել այնտեղից, իսկ այս ընթացքում ինչո՞ւ նորից չեն մտել, որովհետև ոստիկանությունը, նախորդ փորձը հաշվի առնելով, ապահովել է, որ նրանք չմտնեն այնտեղ։
Բա կաթողիկոսի ճանապարհը փակել են, բա ինչի՞ մինչ հիմա այդ ճանապարհը փակված չէ, պատասխանը պարզ է՝ որովհետև ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել, որ ճանապարհը բաց լինի»,- ասաց նա։ Փաշինյանը նկատեց, որ ԱԺ-ն ցանկանում էր օրենք ընդունել, որը կոչվում էր «Պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության մասին» ՀՀ օրենք, այսինքն՝ ստացվում էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա է։
«Մենք համարո՞ւմ ենք, որ կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա է, այսինքն՝ այս շեշտադրմամբ մենք եկեղեցու էությունը խաթարո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Մենք համարում ենք, որ Հայ առաքելական եկեղեցու հեղինակության համար լավ է, որ կաթողիկոսը թիկնազորով շրջի մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Նման բան առաջարկողը մտածո՞ւմ է, որ եկեղեցու հեղինակությանն է ծառայում: Ամենայն հայոց կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա դառնա՞ դրանից բխող հետևանքներով»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս նշեց, թե ՀՀԿ-ն «խռովում ու դուրս է գալիս» քննարկման՝ մոռանալով, որ նախկինում ինքն էր մեծամասնություն, բայց չի ընդունել նման օրենք։