Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակութային միջոցառումներին անվճար հաճախելու հնարավորություն թոշակառուներին

Հասարակություն
naxarar-1

Այսուհետ մշակութային միջոցառումների ժամանակ անվճար տեղեր կտրամադրվի թոշակառուներին։ Սա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և մշակույթի նախարարությունների  համատեղ առաջին քայլն է:  Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքով՝ Եվրոպայում կյանքը սկսում են վայելել հենց թոշակի անցնելուց հետո՝ ճանապարհորդում են, հաճախում են համերգասրահներ, պատկերասրահներ, տարբեր միջոցառումների, և այս ամենի մեջ մեծ է պետության դերակատարումը: «Մենք նույնպես պետք է փորձենք որոշակի արտոնություններ տալ մեր թոշակառուներին»,- ասաց նա: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն ասաց, որ ավագ սերունդը, իհարկե, ավելիին է արժանի և փորձելու են անել հնարավորը, հետագայի ծրագրեր կան, որ թոշակառու քաղաքացիները իրենց զգան պաշտպանված, և  մշակույթը չլինի միայն արտոնյալների համար: Նախարարների պաշտոնակատարների հավաստմամբ այս ծրագրի իրականացման համար պետբյուջեից հավելյալ գումարներ չեն ծախսվելու: «Համերգների, ներկայացումների ժամանակ միշտ էլ ազատ տեղեր լինում են և  միևնույն ռեսուրսը ծախսելով, ստանալու ենք հավելյալ արժեք»,-ասաց Լիլիթ Մակունցը: Մանե Թանդիլյանը և Լիլիթ Մակունցը հուշագիր ստորագրեցին: Ծրագրի մեկնարկը վաղն է նախատեսված: Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Կարմեն» ներկայացման համար անվճար տոմսեր է հատկացվել թոշակառուներին: