Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ն ընդունել է Կառավարության միակողմանի հայտարարությունը

Պաշտոնական
միեդ

ՄԻԵԴ-ն ընդունել է Կառավարության միակողմանի հայտարարությունը և քննվող  գործերի ցանկից հանել «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատը

2018 թվականի նոյեմբերի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» (թիվ 40864/06) գանգատի վերաբերյալ որոշումը: Հանդես գալով Կոմիտեի կազմով՝ Եվրոպական դատարանը որոշել է հանել գանգատը քննվող գործերի ցանկից՝ ընդունելով ՀՀ կառավարության միակողմանի հայտարարությունը և առարկությունները: Գործը վերաբերում է 2000-ականներին սկիզբ առած հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման գործընթացի շրջանակում դիմումատուների անշարժ գույքի օտարմանը: Դիմումատուները պնդել են, որ իրենց պատկանող գույքի օտարումը և դրան հաջորդող գործի դատական քննությունը իրականացվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երաշխիքների խախտմամբ: Բացի այդ, հիմք ընդունելով Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները, դիմումատուները պնդել են, որ խախտվել է դատարանի մատչելիության իրենց իրավունքը գույքի օտարման վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշումները բողոքարկելու առնչությամբ: Դիմումատուները պահանջել են 874 974 եվրո որպես նյութական վնասի և 3 301 եվրո կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցում: Անհիմն համարելով ներկայացված պահանջը՝ Կառավարությունը միակողմանի հայտարարությամբ առաջարկել է 118 000 եվրո որպես արդարացի փոխհատուցում: Հիմք ընդունելով Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առնչությամբ ներկայացված Կառավարության միակողմանի հայտարարությունը՝ Եվրոպական դատարանը որոշել է գանգատի այդ մասը հանել քննվող գործերի ցանկից: Ինչ վերաբերում է մյուս հոդվածների ենթադրյալ խախտումների մասով դիմումատուների ներկայացրած բողոքներին, ապա Եվրոպական դատարանը անհրաժեշտ չի համարել անդրադառնալ դրանց: Նշենք, որ դիմումատուներին Եվրոպական դատարանում ներկայացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը, իսկ ՀՀ կառավարությունը՝ տվյալ ժամանակահատվածում Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարակայնության և հետ կապերի վարչություն