Մանվել Գրիգորյանը պատանդի կարգավիճակում է, նրան խոշտանգում են. փաստաբան (տեսանյութ)
Փաստաբան Լևոն Բաղդասարյանի համոզմամբ՝ Հայաստանում ձևավորվում է ընտրովի արդարադատություն: Սասնա ծռեր խմբավորման մասնակիցների վերաբերյալ համաներում տարածվելը կողմնակալ է: Արդարադատության նախարարի այն հայտարարությունը, թե այդ խմբավորմանը ազատ արձակելու հանրային պահանջ կա, իսկ Նորք Մարաշ խմբավորման նկատմամբ՝ ոչ, նա անընդունելի համարեց: «Օրենքը բոլորի համար պետք է լինի հավասար: Սա վտանգավոր երևույթ է: Ընտրովի արդարադատությունը բերելու է կործանարար հետևանքների»: Փաստաբանի խոսքով, եթե Սասնա ծռերի վրա համաներում տարածվելու է, ապա պետք է նաև Նորք Մարաշի խմբի վրա տարածվի: Չէ որ առաջինի պարագայում 3 զոհ ունեցանք, իսկ երկրորդի պարագայում, մեղադրանք առաջադրվեց իշխանափոխություն անելու մտադրության համար: Փաստաբանը անդրադարձավ նաև Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելուն: Նա ընդգծեց, որ իր պաշտպանյալ Արթուր Վարդանյանը, որը Նորք Մարաշ խմբի անդամ է, պատրաստվում է ընդդեմ Հունան Պողոսյանի հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին: «Նորք Մարաշի խմբին ձերբակալելու ժամանակ Հունան Պողոսյանը սեռական հայհոյանքներ է ասել իմ պաշտպանյալին: Բացի հայհոյանքներից նա նաև ասել է՝ մեր դե՞մ ես հելել արա, էդ ո՞ւմ դեմ ես հելել, արա: Այնուհետև հրահանգել է չթողնել շոր հագնել»: Փաստաբանը անդրադարձավ նաև Մանվել Գրիգորյանին, մասնավորապես նրա առողջական վիճակին: Լևոն Բաղդասարյանի հավաստմամբ, Մանվել Գրիգորյանը պատանդի կարգավիճակում է, նրան խոշտանգում են: «Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում: Յուրաքանչյուրն իր արածի համար պետք է պատասխան տա: Եթե Մանվել Գրիգորյանը կատարել է այդ զազրելի հանցագործությունը, ապա նա պետք է պատժի ենթարկվի»,- նշեց նա: