Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ-ում բացվեց Աշոտ Սուքիասյանի անվան լսարան

Հասարակություն
222

Լսարանի բացումը նախաձեռնել էր պրոֆեսորի դուստրը՝ Քնարիկ Սուքիասյանը, որին աջակցել են Հայոց լեզվի ամբիոնը և Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը:  Լսարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը, Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Վարդան Պետրոսյանը, Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, Աշոտ Սուքիասյանի դուստրը՝ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Քնարիկ Սուքիասյանը, Աշոտ Սուքիասյանի թոռները և ծոռնուհին:  Բացման խոսքով  հանդես եկավ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը. «Սա վերադարձի ու հայրենադարձության օր է: Այս լսարանում նստած ուսանողները մտովի զրուցելու են անվանի գիտնականի հետ, զգալու են նրա ներկայությունը»: «Բոլոր ժամանակներում էլ գալիք սերունդը պարտավորվածություն ունի երախտագիտության տուրք մատուցելու իր նախորդներին: Բայց դա գործադրվում է, եթե այդ սերունդը երախտագետ է, եթե նախորդների ապրած կյանքը և գործը պարտադրում են»,- ասաց Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յ. Ավետիսյանը: Վերջինիս նկարագրմամբ,  պրոֆեսորին բնորոշ էր սրամիտ խոսքը, երևույթներին արձագանքելու անզուսպ անմիջականությունը. «Մարդկային հարաբերություններում և միջավայրի հանդեպ միշտ անկեղծ էր, շիտակ ու չէր սիրում, ավելի ճիշտ՝ չէր հանդուրժում ծպտյալներին ու քողարկվածներին: Եվ այդ անհանդուրժողականությունը երբեմն խիստ առարկայական կերպարանքներ էր առնում՝ համեմված բանահյուսական հարուստ ու տպավորող նյութով»: Հուշապատումով հանդես եկան Սամվել Մուրադյանն ու Աննա Աբաջյանը: Աշոտ Սուքիասյանին, անվանելով սիրելի ուսուցիչ և ավագ ընկեր, Ս. Մուրադյանն ընդգծեց, որ սկզբունքային բնավորություն ունեցող այս լեզվաբանն ուներ իր նախընտրած ու նաև չսիրած մարդիկ. «Թեև այս լսարանը փոքր է և չի համապատասխանում գիտնականի մեծ վաստակի ու մանկավարժական գործունեության իրական արժեքին, այնուամենայնիվ մեծ հպարտություն է, որ իմ ուսուցիչն ու ավագ ընկերն արժանանում է այսպիսի մեծարման: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Քնարիկ Սուքիասյանը, իսկ անվանի լեզվաբանի թոռը, որը կրում է պապի անունը, մեզ հետ զրույցում նշեց, որ պապի տված դասերի ու խորհուրդների արժեքը հիմա է հասկանում: Միջոցառման ավարտից հետո Աշոտ Սուքիասյանի անվան լսարանում մեկնարկեց «առաջին դասը»: