Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանխվել է մաքսային իրավախախտման 126 փորձ

Պաշտոնական
pek-1

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կանխվել է մաքսային իրավախախտման 126 փորձ, որոնցից 70-ով հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես, հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: «Մաքսանենգները փորձել են Հայաստան ներկրել ավելի քան 4կգ «կոկաին»,  2կգ «ափիոն», 4կգ «մարիխուանա», 3գր «մեթադոն», մոտ 0.5կգ «հերոին» տեսակի թմրանյութ, ինչպես նաև 6գր հաշիշ, հաշիշ յուղի պարունակությամբ 290 հատ էլեկտրոնային սիգարետ և թմրամիջոցի պարունակությամբ քաղցրավենիք: Հաշվետու ժամանակահատվածում կանխվել են նաև մոտ 8կգ «ափիոն» և ավելի քան 13կգ «մետամֆետամին» տեսակի թմրանյութերի արտահանման փորձեր»,-տեղեկացրել է Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը:   Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը հիմնականում հայտնաբերվել են փոստային առաքանիներում: ԱՄՆ-ից փորձ է արվել ներմուծել «հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետներ, իսկ Եվրոպայից՝ հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող դեղահաբեր: «Հաշվետու ժամանակահատվածում փոստային ծանրոցներում հայտնաբերվել է ավելի քան 22 կգ դեղորայք, որոնցից 3000 դեղահաբը՝ թմրանյութի և հոգեմետ նյութի պարունակությամբ: Ի դեպ, փոստային առաքանիներով չի թույլատրվում տեղափոխել ոչ մի տեսակի դեղորայք»,-հիշեցնում է Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց և այդ մասին տեղեկացնել արտերկրում բնակվող բարեկամներին: Վարդան Վարդանյանը տեղեկացնում է նաև, որ արգելվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն առանց մաքսային մարմինների թույլտվության՝ հանձնել այլ անձանց: Խոսքը, մասնավորապես վերաբերում է Հայաստան ներմուծված ավտոմեքենաներին. ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ դեպքեր, երբ ավտոներկրողը չմաքսազերծված ավտոմեքենան շահագործման է հանձնել այլ անձի: 2018 թվականի ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը սերտ համագործակցել է նաև Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության հետ, ինչի արդյունքում բացահայտվել են ոչ միայն իրավախախտներ, այլև հանցախմբեր: Հայտնաբերվել են զենք-զինամթերքի և թմրանյութերի մաքսանենգության դեպքեր, որոնցից ամենաուշագրավը՝ սոցիալական կայքերով թմրանյութերի վաճառքով զբաղվող հայտնի խումբն էր. հայտնաբերվել է մոտ 600 գրամ «հաշիշ» և 20 գրամ ՄԴՄԱ տեսակի թմրանյութ:    Իսկ միջազգային համագործակցության բնագավառում Մաքսանենգության դեմ պայքարի  վարչությունը 2018-ի 10 ամիսների ընթացքում ակտիվ համագործակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության, «RILO» իրավապահ գծով տարածաշրջանային կապի հանգույցի, ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի և այլ կառույցների հետ: «Ինչպես բազմիցս նշվել է՝ Հայաստանն առաջիններից է ապահովում ստանձնած պարտավորությունները: Վերջերս էլ համագործակցության սկիզբ է դրվել ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի և Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի հետ, ինչի արդյունքում դեկտեմբերին Երևանում նախատեսվում է «Վերահսկելի մատակարարում» միջոցառմանը նվիրված դասընթաց անցկացնել՝ նաև ԱԱԾ, Ոստիկանության, դատախազության աշխատակիցների և Վրաստանի գործընկերների մասնակցությամբ»,-նշել է վարչության պետը: Պետական եկամուտների կոմիտեում հուլիսին իրականացված բարեփոխումների արդյունքում Ներքին անվտանգության վարչության կինոլոգիական կենտրոնն արդեն գործում է Մաքսանենգության դեմ պայքարի վարչության ենթակայությամբ: Կենտրոնի 15 շներից՝ 9-ը մասնագիտացված են թմրանյութերի և հոգեմետ դեղորայքի, 1-ը՝ զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման ուղղությամբ, իսկ 5-ը գտնվում են ընդհանուր վարժեցման փուլում: Շների օգնությամբ բացահայտվել են թմրանյութի մաքսանենգության մի շարք դեպքեր, որոնցից խոշորը՝ 8կգ ափիոնի՝ Մեծ Բրիտանիա արտահանման փորձի կանխումն է: Այս ուղղությամբ ևս ընդլանվել է միջազգային համագործակցությունը: Չեխիայի Հանրապետության մաքսային գլխավոր տնօրինության հետ ձեռք բերված գործակցության արդյունքում նոյեմբերին Պրահայում նախատեսվում է շնագիտական բաժնի կինոլոգների վերապատրաստում և ուսուցման դասընթացներ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին