Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին (տեսանյութ)
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային։ Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Ռուդոլֆ Միխալկային այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։ Ռուդոլֆ Միխալկան ներկայացրեց Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր օրակարգն ու նախատեսվող քայլերը: Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումներին, մտքեր փոխանակեցին հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ համագործակցության հեռանկարների շուրջ: Զրուցակցի խնդրանքով նախարարի պաշտոնակատար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ընդգծելով, որ ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարությունը շարունակում է բարեփոխումների գործընթացը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովմանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատեց արտահերթ ընտրությունները միջազգային չափանիշների համապատասխան անցկացնելու Հայաստանի իշխանությունների հանձնառությունը: Այս առումով նա կարևորեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և միջազգային այլ կառույցների հետ համագործակցությունը: Ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս առումով Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է անվտանգության և խաղաղության մթնոլորտի ձևավորումը՝ շեշտելով, որ մեր միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և ավելացնում անկայունության վտանգները։