Կառուցապատողի և հանրային շահերի բախում Երևանի կենտրոնում (տեսանյութ)
Թումանյան 30 հասցեի բնակիչները պահանջում են, որպեսզի կասեցվի իրենց բակում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցումը: Բնակիչները պնդում են՝ բակում շարժվելու տեղ չկա: Նրանք մտահոգված են, որ եթե շենքը սկսեն կառուցել, ապա այդ տարածքը կաղտոտվի: «Իմ երեխան խնդրում է, որ ես իրեն ուղեկցեմ կողքի փողոցի բակ, որ ինքը կարողանա խաղալ»,- վրդովված նշեց տարածքի բնակիչ Լիլիթ Հակոբյանը: Աշոտ Ամիրզադյանը, ով բնակվում է այդ տարածքում, պնդեց, որ իրենց բակում շենք կառուցելու մասին իրենց ոչ ոք տեղյակ չի պահել. «Մարտի վերջին, ապրիլին հանկարծակի եկան կառուցապատողները՝ շինարարների իրենց խմբով և սկսեցին պարիսպներ տեղադրել, որից հետո մենք նոր իմացանք, որ այստեղ պետք է բազմաֆուկցիոնալ շենք կառուցվի»: Թումանյան 30 հասցեում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատողը Ղևոնդ Ղալումյանն է: Նրա որդին՝ Գեւորգ Ղալումյանը, նշեց, որ քաղաքապետարանի հաստատած նախագծով են ցանկապատել շինարարական տարածքը. «Կանչել եմ գեոդեզիստների, տվել եմ իմ գեն պլանը, գեն պլանով նշահարել եմ տեղերը, թե որտեղ ա սկսվում, որտեղ ա վերջանում, և ժողովրդին էլ մի քիչ ընդառաջելով, հետ դնելով ես ցանկապատը փակել եմ»: Բնակիչների ահազանգով այստեղ էին նաև Երևանի նորընտիր ավագանու անդամները։ Ներկա էր նաեւ վարչապետի խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ կառուցապատողը տարածքը ձեռք է բերել թե՛ մասնավոր անձանցից, թե՛ համայնքից: «Ամբողջ տարածքը բաժանված է եղել մանր-մունր կտորների, նա ձեռք է բերել նախկին սեփականատերերից, ստեղ փոքր տներ էին առաջ, և համայնքային հողից»: Նիկոլայ Բաղդասարյանի համոզմաբ՝ կառուցապատողը հողատարածքը աճուրդով չի գնել. «Պետք է հողը, որը համայնքից է ձեռք բերել, վերադարձվի համայնքին, շինությունը կառուցվի այն հողի վրա, որը ձեռք ա բերել սեփականատերերից, ինքը կարողանա ստեղ շինություն կառուցի, որպեսզի ոչ իր սեփականության իրավունքը խանգարվի, ոչ էլ բնակիչների իրավունքները ոտնահարվեն»: Բաղդասարյանը խոստացավ, որ կուսումնասիրի այս հարցը, եւ օրենքին հակասելու դեպքում՝ շինարարությունը կկասեցվի: