Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը դիմավորել է գագաթնաժողովի մասնակիցներին (տեսանյութ)

Պաշտոնական

Երևանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը և նրա ամուսինը մինչ գագաթնաժողովի պաշտոնական բացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել են Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներին: Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարահանման արարողություն: Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից  մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի   լոգո   ընտրվել է նուռը՝  ի  նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։