Տնտեսական Ֆրանկոֆոնիա. Արմեն Ավակյանը ներկայացրել է Հայաստանը. (տեսանյութ)
Երևանում այսօր հանդիսավորությամբ մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումը։ Ֆորումը բացվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ողջույնի խոսքերով, արհեստական ինտելեկտ Սոֆիա ռոբոտի ելույթով։ Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը շուրջ 50 երկրից մասնակից գործարարներին է ներկայացրել գլոբալ տնտեսական զարգացումների տեսլականը և Հայաստանի ներդրումային միջավայրը։ «Ներկայում նորարարական կազմակերպություններն են խթանում ինովացիաները՝ «Google»-ը, «Apple»-ը և այլն։ Դա մեծապես տեղի է ունենում նաև էմիգրանտների ներուժով։ Եվ եթե նայենք ԱՄՆ և Չինաստանի օրինակներով, որոնք ակտիվորեն խթանում են ներգաղթը, էմիգրացիան ինովացիայի վրա դրականորեն է ազդում։ Գրանցված պատենտների թիվն այդ երկրներում վերջին տարիներին կտրուկ աճել է։ Հայաստանն էլ է դրա օրինակը, որպես Nation of Innovation («Նորարար ազգ»), հայերն աշխարհում տեխնոլոգիական նշանակալի հեղափոխությունների հեղինակներ են»,- ասել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Հանդիսավոր բացումից և գլխավոր զեկույցներից հետո տնտեսական ֆորումն աշխատանքները շարունակել է թեմատիկ նիստերով։ Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հեղինակավոր մասնագետներն իրենց տեսլականներն են ներկայացրել հետևյալ թեմաներվ. «4-րդ արդյունաբերական հեղափոխությունը և աշխատանքի ապագան», «Կայունությունը զարգացման համատեքստում. ավանդականից` արդի տնտեսություններ», «Միջազգային առևտրային հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները» թեմաներով։ Հանրային կապերի թիմ