Սամվել Մայրապետյանի կալանքի հարցն է քննարկվում
Գործարար, շինարարության ոլորտում գործունեություն ծավալող, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահ, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանն այս պահին դատարանում է: Քննվում է նրա խափանման միջոցի ընտրման հարցը: Հատուկ քննչական ծառայությունը Սամվել Մայրապետյանին ձերբակալել էր հոկտեմբերի 6-ին։ Այնուհետեւ նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու հոդվածով: Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ նա մեղքը չի ընդունում: Պաշտպանը նաեւ հերքել է լուրերը, թե գործը կապ ունի «Մարտ 1»-ի հետ: Կարեն Բատիկյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն դրա բովանդակության մասին նախընտրեց չբարձրաձայնել: Այդ միջնորդության քննարկման համար այս պահին դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում: