Գործարարը դիմում է վարչապետի աջակցությանը
Մեծարգո՛ պարոն վարչապետ. Մամուլից տեղեկացա հետևյալ հայտարարությանը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված՝ Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060ք/մ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքները, որոնք ընդհանրապես օտարման ենթակա չէին: Հարկ է նշել նաև, որ որակավորում ունեցող անձանց կողմից 2018թ. սեպտեմբերի 26-ին կատարված գույքի գնահատման հաշվետվության համաձայն 22.695.305 ՀՀ դրամով օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244.600.000 դրամ, ինչը շուրջ տասն անգամ ավելի է ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված գնից: Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Մեծարգո՛ պարոն վարչապետ. Հարկ եմ համարում իմ կողմից տալ բացատրություն, ինչպես նաև բաց նամակով դիմել Ձեզ, ներկայացնելով խնդրի իրական էությունը. Շիրակի մարզի Ամասիա համայնքի վարչական տարածքում գործող «ԱՆԻ» ԲԲ ընկերության սեփականությունը հանդիսացող «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը ջրառն իրականացնում է մեկ համայնքի նշանակության ջրային համակարգի միջոցով, որը կառուցված է եղել 1968-69 թվականներին: Այդ հատվածը գտնվում է անմխիթար, քայքայված վիճակում (կից ներկայացվում են լուսանկարներ): Կան ֆիլտրացիոն մեծ կորուստներ: Չնայած այն հանգամանքին, որ 2010 թվականից մեր ընկերությունն այդ համակարգի վրա պարբերաբար կատարել է մասնակի վերանորոգման աշխատանքներ, սակայն դրանք կրել են կոսմետիկ բնույթ և այդ հատվածը մնացել է անմխիթար, վթարային վիճակում ու դրա վերակառուցումը խիստ հրամայական էր: Խնդրահարույց էր նաև վերանորոգման աշխատանքների ծախսագրումը, որը ընկերության համար առաջացնում էր լրացուցիչ հարկային բեռ: Մեր մոտավոր հաշվարկներով անհրաժեշտություն կար ներդնելու շուրջ 400 մլն ՀՀ դրամ, որի արդյունքում համակարգը կարդիականացվեր և զգալիորեն կկրճատվեին ջրի կորուստները: Հարկ եմ համարում նշել, որ այդ հանգույցով է անցնում 9 համայնքների ոռոգման ջուրը, որի համար պետական բյուջեից ամեն տարի գումարներ է հատկացվել ջրանցքի սպասարկման համար: Քանի որ ջրանցքը ոռոգման համար ծառայում է միայն տարվա չորս ամիսներին, իսկ ՀԷԿ-ի համար՝ ամբողջ տարին, ՀԷԿ-ի անխափան աշխատանքն ապահովելու ակնկալիքով, որն առանց հիմնական վերանորոգման անհնարին էր իրականացնել և հարկային տեսակետից ջրանցքի վերանորոգման համար ներդրումներ հնարավոր չէր կատարել, ընկերությունը դիմել է Կառավարությանը, որ «Ջրի ազգային Ծրագրի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետի իրավական կարգավորմամբ, մեզ անհատույց տրամադրվի այդ հատվածը՝ պայմանով, որ մենք 400 մլն ՀՀ դրամ ներդնելով՝ կվերակառուցենք վերոհիշյալ համակարգը, ապահովելով այդ տարածաշրջանի թվով 9 համայնքների, այժմ արդեն խոշորացված մեկ համայնքի, մոտ 4000 հա հողատարածքների կայուն ջրամատակարարումը: Ընկերությունը պարտավորվում է նաև ոռոգման շրջանում անխափան, անվճար ապահովել գյուղացիական տնտեսությունների ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակները՝ առանց պետության կողմից համակարգի շահագործման և պահպանման համար տրվող սիստեմատիկ, ամենամյա դոտացիոն վճարների: Վերոգրյալը նկատի ունենալով՝ մենք ակնկալում էինք, որ ջրանցքը մեզ կտրամադրվի անհատույց՝ 400 մլն ՀՀ դրամ ներդնելու պարտականությամբ: Արդյունքում ընկերությունը, համաձայն ՀՀ Կառավարության 13 ապրիլի 2017 թվականի N 372-Ա որոշման, կնքեց պետական գույքի օտարման պայմանագիր՝ ստանձնելով մեր ակնկալիքներից ավելի պարտավորություններ: Մասնավորապես՝
- Օտարման ենթակա գույքի վաճառքի գինը սահմանվեց 22 695 306 ՀՀ դրամ, վճարելով նաև գույքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքները 2 270 592 ՀՀ դրամ, որն ընդհանուր ձևակերպման ծախսերի հետ միասին կազմել է 3 071 992 ՀՀ դրամ:
- Ջրանցքի տվյալ հատվածը շահագործել «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության կողմից սահմանված ոռոգման ջրամատակարարման ռեժիմների ու ծավալների գերակայությամբ, ջրի անվճար փոխադրմամբ, առանց պետության կողմից համակարգի շահագործման և պահպանման համար տրվող դոտացիոն վճարների:
- «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը չշահագործելու կամ այն երրորդ անձի օտարելու դեպքում ջրանցքի սույն որոշման համաձայն գնված հատվածը և դրա վրա կատարված անբաժանելի բարելավումները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի:
- Համաձայն Պետական գույքի օտարման և գրավի պայմանագրի N 788-0 ոռոգման հանգույցը գրավադրված է պետության կողմից, այն չի կարող ոչ գրավադրվել և ոչ էլ վաճառվել:
- Պայամնագիրը ընկերության կողմից վաղաժամկետ լուծելու դեպքում կատարված ներդրումները վերադարձման ենթակա չեն և կառույցը հետ է վերադարձվելու ՀՀ Կառավարությանը, ի դեմս ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի: