Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհը Ազնավուրին հրաժեշտ է տալիս լուսավոր տխրությամբ և ճանապարհում դեպի հավերժություն (տեսանյութ)

Հասարակություն
sharl-5

Աշխարհը հրաժեշտ է տալիս Ազնավուրին՝ ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին, մեծ ֆրանսիացուն, մեծ հային, մեծ արվեստագետին, հումանիստին ու աշխարհի քաղաքացուն: Հրաժեշտ է տալիս լուսավոր տխրությամբ և ճանապարհում դեպի հավերժություն: Շառլ Ազնավուրի հոգեհանգստի պաշտոնական արարողությունը տեղի  ունեցավ Փարիզի Ինվալիդների պալատում: Ֆրանսիայի Ազգային Գվարդիայի նվագախմբի կատարմամբ հնչում են Հայաստանի ու ֆրանսիայի օրհներգերը: Իրենց խոնարհումը և գնահատանքի տուրքն են մատուցում, իրենց ցավակցությունը հայտնում Ազնավուրի հարազատներին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նախկին նախագահներ Օլանդը և Սարկոզին, հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչներ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Հայաստանից մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` տիկնանց հետ, Ամենայն հայոց կաթողիկոսը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ «Ցավոք, ես չհասցրեցի անձամբ ծանոթանալ Մեծ Վարպետի, Շառլ Ազնավուրի հետ: Բայց հավատացեք` նրան ընկալում եմ որպես մերձավոր հարազատի: Նրան այսպես ընկալում է ցանկացած հայ, որովհետեւ Ազնավուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտությանը մի նոր շունչ է տվել ու մի նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի եւ իր ժողովրդի ցավերով, հոգսերով ու երազանքներով»,- ասաց իր ելույթում ՀՀ վարչապետը:  «Նա ուզում էր ապրել մի դար, նա ինքն իրեն խոստացել էր, նա խոստացել էր նաև մեզ և ընդունում էր դա որպես կյանքին նետված մարտահրավեր», - հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ելույթում։ Ըստ  նրա՝ Ազնավուրը մինչև հոգու խորքը ֆրանսիացի էր, ամուր թելերով կապված էր իր հայկական արմատներին և ճանաչված էր ամբողջ աշխարհում։ Նա երեք սերունդ դաստիարակեց և՛ ուրախության և՛ տխրության մեջ։ Նրա գլուխգործոցները, տեմբրը, անկրկնելի լույսը նրանից հետո դեռ երկար կապրեն։ Հոկտեմբերի 6-ին Հայաստանում սգո օր է հայտարարված: