Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր նշվում է Գյումրու օրը

Հասարակություն
gyumri1

Այսօր՝ տեղի կունենա «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը, որի շրջանակներում նախատեսված են մի շարք համաքաղաքային միջոցառումներ։ Տոնը շարժական է։ Սովորաբար այս օրը քաղաքն ունենում է բարձրաստիճան հյուրեր։ Գյումրին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Նրա պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից։ Մ․թ․ա․ VIII դարի տարեգրերում հիշատակվում է որպես Էրիախի (Շիրակի, Eriani) երկիր։ Մ․թ․ա․ առաջին հազարամյակի սկզբներին բնակավայրը պատկանել է տեղի բնիկներին, ինչի մասին են վկայում տեղանքում կատարված պեղումները։ Մ․թ․ա․ VII-III դարերում, երբ Հյուսիսային Կովկասից կիմերական և սկյութական քոչվոր ցեղերը գաղթում են փոքրասիական երկրներ ու Անդրկովկաս, նրանցից որոշ ցեղախմբեր բնակություն են հաստատում Շիրակում։ Քաղաքի Կումայրի անունը կապված է կիմերների անվան հետ։ VIII դարի մատենագիր Ղևոնդ պատմիչի միջոցով մեզ են հասել Կումայրիի մասին հայերեն առաջին գրավոր տեղեկությունները, որոնց համաձայն VIII դարում բնակավայրը եղել է վարչական կենտրոն։ Կումայրիի տարածքը բնակեցված է եղել վաղեմի ժամանակներից։ Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռևս քարի դարաշրջանում։ Նրա տարածքում եղած երկու բազմաշերտ բնակատեղիներում՝ Կումայրիում (քաղաքի հարավային և հյուսիս-արևմտյան ծայրամասերում) և Մսի կոմբինատ թաղամասի տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին։ Ի սկզբանե կոչվել է Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թթ.-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թթ.-ին՝ Լենինական, 1990-1992 թթ.-ին Կումայրի, այժմ՝ Գյումրի։ Ցայգ ՀԸ