Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չեն տիրապետում իրավիճակին. Վ. Օսիպյան (տեսանյութ)
Նուբարաշենի թիվ 10/54 ընտրատեղամասում այսօր վաղ առավոտյան քվեարկեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Լրագրողների հարցերին պատասխանելիս նա անդրադառնալով երեկ Ոստիկանության կողմից ԲՀԿ Աջափնյակի ընտրական շտաբում իրականացված գործողություններին՝ ոստիկանապետն ասաց. «Ոստիկանության բոլոր գործողություններն օրենքի շրջանակներում էին, ընթացքի մասին ձեզ կտեղեկացնենք»,-ասաց ՀՀ ոստիկանապետը: Հիշեցնենք նաև, որ երեկ ընտրակաշառքի մասին հաղորդումներ եղան, և հարցին, թե արդյոք հաստատվել է փաստը, որ այդ ընտրական շտաբում ընտրակաշառք էր բաժանվում, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց` այդ փաստերը ուսումնասիրվում են, հենց նորություն լինի, կտեղեկացնեն: Քաղաքապետի թեկնածուներից Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել էր, որ այդ ահազանգերը սուտ մատնություն են, և Վալերիյ Օսիպյանին կոչ էր արել քրեական գործեր հարուցել սուտ մատնության հոդվածով: Ի պատասխան` ՀՀ ոստիկանապետն ասաց. «Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չեն տիրապետում, ոստիկանությունը տիրապետում է ողջ Հայաստանում օպերատիվ իրավիճակին, և ցանկացած ահազանգ, գրառում պարտադիր ուսումնասիրության առարկա պետք է դառնա»: Ոստիկանության պետը հայտնեց, որ ընտրակաշառք թեմայով մի քանի քրեական գործեր են հարուցված, իրականացվում է համապատասխան վարույթ: Նա չցանկացավ հայտնել, թե որ քաղաքական ուժի կամ ուժերի ներկայացուցիչներն են ընտրակաշառք բաժանել. «Որպեսզի չդիտվի որպես հակաքարոզչություն կամ քարոզչություն, այժմ ոչինչ չեմ ասի, կանդրադառնանք ընտրություններից հետո»: Ոստիկանություն պետը տեղեկացրեց նաև, որ այս պահի դրությամբ քվեարկության հետ կապված ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, ընտրախախտում չի արձանագրվել: «Մենք արդեն ունենք նախադեպը չունեցող ընտրություններ, քանի որ նախընտրական շրջանում չեն արձանագրվել որևիցե կոպիտ խախտումներ՝ նաև ոստիկանության կանխարգելիչ աշխատանքների շնորհիվ»,- եզրափակեց Օսիպյանը: