Արամ Հակոբյանը պարտվեց էնդշպիլում եւ զիջեց 3-րդ տեղը (տեսանյութ)
Հայաստանի շախմատիստներին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Թուրքիայի Գեբզե քաղաքում կայացած մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում:
Պատանիների մրցաշարում մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ մերոնցից մեդալի հավակնում էր միայն Արամ Հակոբյանը, որը 7,5 միավորով զբաղեցնում էր 3-րդ տեղը: Սակայն վերջին պարտիայում նա պետք է անպայման հաղթեր իր մրցակցին՝ հնդիկ գրոսմայստեր Աբհիմանյու Պուրանիկին: Ավաղ, Արամ Հակոբյանը չդիմացավ լարվածությանը, էնդշպիլում կոպիտ սխալ թույլ տվեց եւ ձեռքից բաց թողեց անգամ ոչ-ոքին: Այդպիսով, մեր շախմատիստը սայթաքեց վերջին պահին եւ վաստակած միավորներով զբաղեցրեց ընդամնեը 8-րդ տեղը: Իսկ ահա նրա մրցակիցը 8,5 միավորով գրավեց 2-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն հռչակվեց իրանցի Պարհամ Մաղսուդլուն, որը ժամանակից շուտ անհասանելի էր դարձել իր հետապնդողների համար:
Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը վաստակելով նույնպես 7,5 միավոր, լրացուցիչ գործակիցներով գրավեց 16-րդ տեղը: Մանուել Պետրոսյանը 6,5 միավորով հանգրվանեց 35-րդ հորիզոնականում, իսկ Շանթ Սարգսյանը 5,5-ով առաջնությունն ավարտեց 76-րդ տեղում:
Աղջիկների առաջնությունում հանդես եկած մեր միակ շախմատիստուհին՝ Սիրանուշ Ղուկասյանը, վերջին տուրում հաղթանակ տարավ Ալեյլա Իլարիոյի նկատմամբ եւ 7 միավորով գրավեց 15-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդրա Մալցեւսկայան, որը վաստակեց 8,5 միավոր:
