Երիտասարդ հ/հ ըմբիշները ավարտեցին հավաքը եւ կմեկնեն Սլովակիա
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին վերջին հավաքն է անցկացրել Երևանի «Օլիմպավանում»։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը: Սեպտեմբերի 16-ին մեր թիմը մեկնելու է Սլովակիա, որտեղ տեղի կունենա աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԸՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ երևանյան հավաքը շատ արդյունավետ է անցել եւ տղաները պատրաստ են առաջնությանը։ «Վերջին հավաքին Ռուսաստանի եւ մի քանի երկրների հավաքականներ էին ժամանել։ Միասին մարզումներ անցկացրինք։ 80 մարզիկ միաժամանակ մարզվում էին։ Պատկերացրեք՝ յուրաքանչյուր 2-3 րոպեն մեկ կարողանում էինք զույգերով փոխանակվել, մարզվել։ Դա շատ կարեւոր է, հատկապես մեզ համար, քանի որ բարձր քաշերում մրցակից զույգի խնդիրներ ունենք։ Տղաների պատրաստվածությունը շատ լավ է։ Բոլորս լավ ենք տրամադրված», -ասել է Բաբալարյանը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ընտրանին Սլովակիա կմեկնի հետեւյալ կազմով․ 55 կգ՝ Տիգրան Մինասյան 60 կգ՝ Արարատ Մանուչարյան 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան 67 կգ՝ Մալխաս Ամոյան 77 կգ՝ Վահե Պողոսյան 82 կգ՝ Էրիկ Էլոյան 87 կգ՝ Հակոբ Բաղդասարյան 97 կգ՝ Ռազմիկ Խաչատրյան 130 կգ՝ Դավիթ Օվասապյան