Արամ Հակոբյանը շախմատի աշխարհի առաջնությունում հաղթեց Մանուել Պետրոսյանին (տեսանյութ)
Թուրքիայի Գեբզե քաղաքում ընթացող մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ այն, ինչին հաճախ ականատես ենք լինում շվեյցարական մրցաշարերի ժամանակ: Այսօր կայացած 9-րդ տուրում վիճակահանությամբ իրար հետ հանդիպեցին մեր երկու շախմատիստները՝ Արամ Հակոբյանն ու Մանուել Պետրոսյանը, որոնք պայքարում էին մրցանակային տեղերի համար: Այդ իրավիճակում նրանց, ինքնին, ձեռք չէր տալիս գրոսմայստերական ոչ-ոքին, քանի որ երկուսով կորցնում էին մեդալ նվաճելու շանսերը: Բավական հետաքրիր պայքարում անցած պարտիան ավարտվեց Արամ Հակոբյանի հաղթանակով, որը վաստակեց 7 միավոր եւ մրցաշարի ավարտից երկու տուր առաջ չորս շախմատիստների հետ այժմ բաժանում է 2-6-րդ տեղերը: Աղյուսակը միանձնյա գլխավորում է իրանցի գրոսմայստեր Պարհամ Մաղսուդլուն, որը իր ակտիվում ունի 8,5 միավոր եւ արդեն անհասանելի է թվում իրեն հետապնդողների համար: Վաղը կայանալիք նախավերջին 10-րդ տուրում Արամ Հակոբյանը սեւերով կմրցի նորվեգացի միջազգային վարպետ Յոհան-Սեբաստիան Քրիստիանսենի հետ: Պարհամ Մաղսուդլուի մրցակիցը ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինն է: Մանուել Պետրոսյանը եւ Հայկ Մարիտիրոսյանը 9 տուրից հետո վաստակել են 6-ական միավոր եւ ներկայումս բաժանում են 12-25-րդ տեղերը: Նրանք դեռեւս կարող են պայքարել 2-3-րդ տեղերի համար, եթե, իհարկե, հաղթեն մնացած երկու տուրերում, իսկ առջեւից ընթացող 11 շախմատիստները ոչ-ոքի խաղան բոլոր պարտիաներում, ինչն այնքան էլ իրատեսական չէ: Աղջիկների առաջնությունում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը վաստակել է 5 միավոր եւ այժմ զբաղեցնում է 30-րդ տեղը: