Հայաստանի հավաքականը դժվարությամբ հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն (տեսանյութ)
ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի շրջանակում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Լիխտենշտեյնի ընտրանուն: Մեր թիմն անչափ լարված եւ նյարդային պայքարում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ եւ վաստակեց առաջին երեք միավորը: Խաղի հաշիվը 30-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց Մարկոս Պիզելին: Սակայն երկու րոպե անց հյուրերի ֆուտբոլիստ Սանդրո Վոլֆինգերն օգտվելով մեր պաշտպանների անզգոնությունից, վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Երկրորդ խաղակեսը անցավ Հայաստանի հավաքականի բացահայտ առավելությամբ, սակայն երկար ժամանակ մարզական բախտը պարզապես երես էր թեքել մեր ֆուտբոլիստներից: 69-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ իրացնել 11մ հարվածը: Մեկ րոպե անց նրա գլխով կատարած հարվածից հետո գնդակն արդեն դիպավ դարպասաձողին: Խաղի 74-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հագով, քանի որ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց նրանց ավագը՝ Միկելե Պոլվերինոն: Օգտվելով թվային առավելությունից, Հայաստանի հավաքականն ուժեղացրեց ճնշումը եւ շուտով հասավ հաջողության: 76-րդ րոպեին Արազ Օզբիլիսը ֆանտաստիկ դրիբլինգի օգնությամբ շրջանեց մրցակցի պաշտպաններին, մտավ տուգանային հրապարակ եւ հաշվենկատ փոխանցում կատարեց Տիգրան Բարսեղյանին, որն էլ մոտիկից խփեց հաղթական երկրորդ գոլը: Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի սեպտեմբերի 9-ին: Այդ օրը մերոնք Սկոպիեյում կհանդիպեն Մակեդոնիայի հավաքականի հետ: Հավելենք, որ երկրորդ խաղակեսից հանդիպմանը ներկա էր գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: https://www.youtube.com/watch?v=RiGDKFnHyqQ